Արտաքուստ կարող է թուալ, որ իրար հետ անհամատեղելի են պատերազմ եւ մշակոյթ հասկացութիւնները: Արցախեան պատերազմը, սակայն, եկաւ վկայելու, որ պատերազմը մշակոյթի հետ յարաբերւում է երեք ձեւերով:
Առաջին՝ ոչնչացնում է մշակոյթը, երկրորդ՝ նոր մշակոյթ է ստեղծում, եւ վերջապէս երրորդ՝ յարաբերուելով պատերազմի արդիւնքի՝ յաղթանակի կամ պարտութեան հետ, ժողովուրդներն ու անհատներն իմաստաւորում ու արժեւորում են մինչ այդ ստեղծուած մշակոյթը, յաղթանակի դէպքում իրենց տէրը զգում պատմութեան ու մշակոյթի, իսկ պարտութեան դէպքում պարտուածութեան ժխտողական հոգեբանութիւնը տարածում պատմութեան ընթացքում ստեղծուած արժէքների վրայ:
Այսպիսով, մշակոյթի տարբեր կոթողները, իրենց ամբողջանալուց յետոյ նոյնը մնալով դարերի հոլովոյթում, միանգամայն տարբեր ընկալումների ու բնորոշումների են ենթարկւում պատմական-աշխարհայացքային տարբեր իրավիճակներում: 1983թ., երբ ընկերներիս հետ Արցախում էինք, Քոլատակի կոլտնտեսութեան վարորդը, «Վիլիսով» գիւղ իջեցնելիս ցոյց տալով լեռնային ճանապարհի երկայնքով տարածուած մատուռները եւ խաչքարերը, դառնութեամբ ասաց, որ մեր պապերը եթէ այս ամէնի փոխարէն բերդեր ու աշտարակներ կառուցած լինէին եւ զէնք առնէին, ապա Ատրպէյճանը մեզ այսօր չէր կարողանայ պարտադրել այն, ինչ որ արեց Նախիջեւանում:
Ուղիղ տասը տարի յետոյ ես նրան հանդիպեցի Մարտակերտի ճակատում, ձեռքի գնդացիրը ուսին դրած առաջ գնալիս: Երբ յիշեցինք իրար, ասաց, որ 1988-ից վարորդութիւնը թողել է եւ զէնք վերցրել, որպէսզի զէնքով պաշտպանի մեր պապերի կառուցածը: Այդ տասը տարիների ընթացքում ո՛չ վանքերը եւ ո՛չ էլ խաչքարերը որեւէ ձեւով չէին փոխուել: Փոխուել էր պատմութեան եւ մշակոյթի արցախեան ընկալումը: 1980-ականների առաջին կէսին Արցախին իրապէս սպառնացող նախիջեւանեան տարբերակը դառնացուածութեան այն զգացումն էր առաջ բերել, թէ ո՞ւմ համար են մեր պապերը ստեղծել այս ամէնը, եթէ մենք չենք մնալու մեր հողի ու այդ հողի վրայ ստեղծուածի տէրը 1988 թուա-կանից յետոյ, երբ արցախահայութիւնը հնարաւորութիւն ստացաւ տէր կանգնելու իր երկրին, նոյն այդ կոթողներն արդէն դարձան անցեալի այն ժառանգութիւնը, որը պէտք է զէնքով պաշտպանուէր ներկայի հետ միասին:
Այս իրողութիւնը Արցախում հաւաստուեց երկրամասի հաւաքական խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» տուֆէ քանդակով, որը հեղինակել է Սարգիս Բաղդասարեանը 1967թ.: Ժողովուրդը ի սկզբանէ այն անուանեց նաեւ «Տատիկ ու պապիկ» եւ կամ էլ արցախեան բարբառով՝ «բաբոն ու պապիկը»: Այս կոթողն իրապէս քարացած մի երգ է, որը միանգամայն տարբեր ելեւեջումներով հնչեց իր կառուցման օրից մինչեւ այսօր ընկած համեմատաբար կարճ ժամանակահատուածում: Մինչեւ 1988 թուականը Տատիկի եւ պապիկի հայեացքում խտացած էր այն լուռ ցասումը, որը կար ամէն արցախցու սրտում Արցախին պարտադրուած ապագայի համար, եւ պատահական չէ, որ տատիկն ու պապիկը համեմատւում էին Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ, որը միաժամանակ խորհրդանշում էր թէ՛ Արցախի յարատեւումը մեր բիբլիական լերան նման եւ թէ՛ ենթագիտակցական այն վախը, որ յանկարծ գուցէ մի օր էլ նա չարժանանայ մեր Մայր լերան ճակատագրին:
Քարացած այդ ցասումը պայթեց 1988 թուականի Փետրուարին Ստեփանակերտի հրապարակում, ուր «Մի՛-ա՛-ցո՛ւմ» վանկարկող ժողովուրդն ասես գծագրում էր Տատիկին ու պապիկին: Փետրուարեան այդ օրերին յաջորդող շրջանում, մինչեւ 1992 թ. Մայիսի ութը, նա դարձաւ նախ ոգեղէն մի պատուար Խոջալուից դէպ Ստեփանակերտին սպառնացող ճանապարհին եւ ապա Շուշիին ուղղուած զսպիչ մի հայեացք: 1992 թուականի յաղթական գարնանը յաջորդած ամառային ծանր պարտութիւնների եւ այս կոթողի մօտով դանդաղօրէն քայլելով Ստեփանակերտ մտնող գաղթականների քարաւանին դէմ յանդիման վերստին բնազդական այն վախը ծնուեց, թէ արդեօք Տատիկն ու պապիկը չե՞ն դառնալու կորսուածութեան արցախեան խորհրդանիշը արարատաձեւ իրենց գծագրմամբ: Մեր ժողովրդի հաւաքական կամքով, սակայն, երբ ռազմաճակատում սկսուեց բեկումը, 1993 եւ 1994 թուականների պատերազմական դաժան ձմեռներին Տատիկն ու պապիկը մեր լեռների նման հանդարտ ու աներեր հայեացքով ուղեկցում էին Ստեփանակերտից Մարտակերտի ճակատ մեկնող Պաշտպանութեան բանակի զօրամիաւորումներին: 1994 թուականի Մայիսից յետոյ նրանք վերստին դարձան Արարատաձեւ՝ բայց արդէն յաղթական ու վերագտնուած յաւերժութեան խորհրդանիշը՝ մարմնաւորելով արցախահայութեան ապագան:
Եւ բոլոր նրանք, ովքեր դժուար է ասել՝ բախտը, թէ դժբախտութիւնն են ունեցել տեսնելու Արցախի Տատիկի ու պապիկի հայեացքի իրարայաջորդ հնչուն այս ելեւէջումները, նրանց կեանքը վերածուել է անտեսանելի քարեղէն մի երդումի՝ ապրել հայրենիքի հանդէպ այնպիսի մի նուիրումով, որ այլեւս էլ երբեք չփոխուի Արցախի Տատիկի ու պապիկի դէմքի արտայայտութիւնը: Եւ եթէ իւրաքանչիւր յոբելեան իմաստաւորումն է նաեւ տեղի ունեցած իրադարձութեան, ԼՂՀ անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կարեւորագոյն պարտականութիւններից մէկը պէտք է լինի հետպատերազմեան այսօրուայ եւ յաջորդող սերունդներին յիշեցնել, թէ ինչ գնով է ձեռք բերուել Տատիկի ու պապիկի այսօրուայ հայեացքը:
ՎԱՐԴԱՆ ԴԷՎՐԻԿԵԱՆ
«Երկիր»