Print
Category: Հայաստան-Արցախ

Հանրապետական կուսակցութիւնը առայժմ համախոհական կառավարութիւն կազմելու խնդրի շուրջ վերջնական որոշում չէ կայացուցած: Այս մասին, «Ազատութիւն» ռատիոկայանի հարցին պատասխանեց նախագահ՝ ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսեանը՝ Հինգշաբթի ուշ երեկոյեան ՀՀԿ-ի գործադիր մարմնոյ նիստէն անմիջապէս ետք:


«Իսկ դուք ի՞նչ էք կարծում՝ կը լինի՞, թէ՝ չէ: Կը տեսնենք, քաղաքական պրոցեսներ են, ինչո՞ւ էք շտապում: Հէնց որ լինի, մենք միանգամից յայտարարելու ենք: Հարցնէք էլ, չհարցնէք էլ, յայտարարելու ենք»:
«Այսինքն, վերջնական որոշում չկա՞յ» հարցին, նախագահը պատասխանեց. - «Իհարկէ, չկայ»:
Յիշեցնենք, նախօրէին Սերժ Սարգսեանը հանդիպած էր «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանին:
Հարցին, թէ արդեօ՞ք ԲՀԿ-ին արդէն առաջարկած են համախոհական կառավարութիւն կազմել, ՀՀԿ-ի խօսնակ Էդուարդ Շարմազանով պատասխանեց. - «Կոալիցիայի վերաբերեալ կոնկրետ առաջարկ դժուարանում եմ ասել արուել է, թէ՝ ոչ, բայց եւ այնպէս տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ (խորհըր-դակցութիւններ) վարուել են յետընտրական զարգացումների հետ կապուած: Կը լինի կոալիցիա, թէ՝ ոչ, մենք դրա մասին կարող ենք խօսել Մայիսի 24-ից յետոյ: Եթէ որեւէ յստակ բան լինէր, ես այստեղ ձեզ կը ներկայացնէի», - ըսաւ ՀՀԿ-ի խօսնակը:
Շարմազանովը աւելցուց, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնոյ նիստին մէջ պաշտօններու հարցը չեն քննարկած:
«Վարչապետի փոփոխութեան հարց չի քննարկուել, նախարարների փոփոխութեան հարց չի քննարկուել, այդ թւում՝ նաեւ Ազգային ժողովի նախագահի փոփոխութեան հարցը չի քննարկուել: Որեւէ անուն-ազգանունով քննարկում չի եղել, այդ թւում նաեւ Էդուարդ Շարմազանովի հետ կապուած», - ըսաւ ան:
Ի դէպ, նշենք, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնոյ նիստին ներկայ չէր ԱԺ նախկին նախագահ Յովիկ Աբրահամեանը: