Print
Category: Հայաստան-Արցախ

arflogo(ՀՅԴ  Բիւրոյի  ներկայացուցիչ  Հրանդ  Մարգարեանի  արտասանած  խօսքը՝
10  Ապրիլին  կայացած  հանրահաւաքին  ընթացքին)


Սիրելի՛  ժողովուրդ,
 
Այն ամէնը, ինչ կ՛ասեմ ձեզ այսօր, խնդրում եմ չընկալել զուտ նախընտրական քարոզարշաւի շրջանակներում: Այն պարզ պատճառով, որ նոր բան չեմ ասելու. ասելու եմ այն, ինչ մենք ասում ենք վաղուց, ասում ենք անընդհատ: Եւ հէնց դա է նաեւ մեր հիմնական տարբերութիւնն ուրիշներից. մենք չենք խօսում եւ չենք գործում ընդամէնը քարոզարշաւից-քարոզարշաւ, ընտրութիւնից-ընտրութիւն:

Մենք գործում ենք ամէն օր, ամէն ժամ եւ ամէն վայրկեան, ինչպէս զարկերակը: Հիմա ես ուզում եմ, որ դուք դնէք ձեր մատն այդ զարկերակին, սիրելի ժողովուրդ:
Գուցէ տարբեր լինեն խօսքիս շեշտադրումները, բայց անփոփոխ է բովանդակութիւնը, ինչպէս ցաւօք, չի փոխւում մեր կեանքը: Յոգնել ենք, խռովում է մեր հոգին՝  տեսնելով շուրջը տիրող անարդարութիւնը: Անկախութիւնից 20 տարի յետոյ հայ մարդը չի կարողանում իր աշխատանքով պահել իր ընտանիքը: Մի՞թէ սա լինելու բան էր: Ինչպէ՞ս մենք հասանք այս հանգրուանին:
Բացարձակապէս ոչ չարախօսելով, այլ՝  դժգոհութեամբ, ափսոսանքով եւ մեծ անհանգստութեամբ ենք արձանագրում, որ մարդիկ, աշխատանքի, ապրելու նուազագոյն պայմանների փնտռտուքով, յանուն իրենց ընտանիքների, լքում են նոյն այդ ընտանիքները, թողնում են իրենց հայրենիքը: Դատարկւում են համայնքները, գիւղերը, սահմանամերձ շրջանները: Երիտասարդներ, որոնք մեծ յոյսերով դպրոց են գնացել, համալսարան են յաճախել, զինուորական ծառայութիւն են անցել, յետոյ յայտնւում են անօգնական վիճակում՝ չեն կարողանում կեանքի ասպարէզ մտնել, չեն կարողանում սեփական ոտքերի վրայ կանգնել եւ թողնում են ու հեռանում իրենց երկրից, անպաշտպան թողնում սահմանները, վտանգում հայրենիքը:
Սրտի կսկիծով, պատասխանատուութեան գիտակցութեամբ ու ընդվզումով ենք արձանագրում նաեւ, որ մեր երկրում ոչ միայն չի պակասում, այլեւ աճում է աղքատութիւնը: Այնինչ մենք այլեւս պէտք չէ ունենայինք աղքատութիւն երեւոյթը, ընդհանրապէս:
Ո՞վ պէտք է զբաղուի մեր քաղաքացիների համար աշխատանք ապահովելու հարցով, ո՞վ պէտք է աշխատող մարդու համար բարօր կեանքի պայմաններ ապահովի, ո՞վ պէտք է վերացնի զանգուածային արտագաղթի պատճառները, ո՞վ պէտք է ծրագրի եւ աշխատանք տանի, որպէսզի մեր երկրում չունենանք աղքատութիւն: Թւում է, թէ պատասխանը միանշանակ է. մարդկային հասարակութիւնը հաւաքական իր կեանքը կազմակերպելու, ուղղութիւն տալու, ներքին համերաշխութիւն ստեղծելու, զարգացման պայմաններ ստեղծելու համար կերտել է պետականութիւնը, սակայն պետականութեան ուժ ու բովանդակութիւն են տալիս պետական ղեկը ստանձնած իշխանութիւնները, իրենց գաղափարականութեամբ, յստակ արժէքային համակարգով ու ձեռներէցութեամբ:
Մենք մինչ այժմ այդպիսի իշխանութիւններ չենք ունեցել: Մի՞թէ լինելու բան է, որ մի երկրում իշխանութիւնը աւելի շատ վերցնի ժողովրդից, քան տայ: Մինչդեռ մեզանում հէնց այդ պատկերն է: Քեզանից միայն վերցնում են, սիրելի՛ ժողովուրդ. վերցնում են անընդհատ, վերցնում  են աջ ու ձախ, վերցնում են անխնայ:
Վերստին ցաւով ենք արձանագրում, որ մինչ այժմ մենք չենք ունեցել իշխանութիւն, որ հոգատար լինէր իր ժողովրդի հանդէպ, որի համար նպատակ լինէր, պատասխանատուութիւն զգար, պարտաւորուածութիւն զգար իր քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելու: Իշխանութիւն, որն ամէն ճիգ ի գործ դնէր արտագաղթի պատճառները վերացնելու: Իշխանութիւն, որն անհրաժեշտութիւն զգար, պարտականութիւն զգար, յանձնառութիւն վերցնէր կեանքի նոր ասպարէզ մտած երիտասարդի համար աշխատանք ստեղծել, բնակարանով ապահովել, օգնել նրանց հասարակական կեանքը կազմակերպելու համար, զարգացման պայմաններ ապահովէր: Իշխանութիւն, որն ամօթ զգար, որ մեր երկրում աղքատութիւն կայ, եւ իր առաքելութիւնը համարէր այդ երեւոյթը վերացնելը:
Մենք չենք ունեցել այդպիսի իշխանութիւններ, որովհետեւ բացակայել է արժէքային համակարգը: Մեր իշխանութիւնները, ցաւօք, ձգտել են մեր նորանկախ հայրենիքում ձեւաւորել հարուստների դասակարգ, դրամատէրերի դասակարգ, նրանք արել են ամէն ինչ, որպէսզի այդ դասակարգը աւելի ու աւելի հարստանայ, հէ՛րն էլ անիծած, թէ  աղքատներն էլ աւելի չեն աղքատանայ, հէ՛րն էլ անիծած, թէ միջին խաւ մեզանում այդպէս էլ չի ձեւաւորուի:
Արդիւնքում այսօր ունենք այն, ինչ ունենք. բեւեռացած հասարակարգ, ուր մի կողմում մեծ հարստութիւնը իր մօտ կենտրոնացրած փոքրամասնութիւնն է, եւ միւս կողմում‘ աղքատութեան շեմը չյաղթահարած մեծամասնութիւնը: Ուր մի կողմում անօրինական մենատէրերն են, միւս կողմում՝  միջոցներից զուրկ սպառող հասարակութիւնը, ուր գերիշխում է չարչիական տնտեսութիւնը, ուր չկայ ներքին արդիւնաբերութիւն, իսկ երբ կայ, այն պաշտպանուած չէ չարչիական ոտնձգութիւններից:
Հրապարակի վրայ առկայ ուժերը, մասնակի բացառութիւններով, այս տնտեսական քաղաքականութեան հեղինակներն են, այս արժէքային համակարգի կրող- ները, նրանք իշխանութեան գալու դէպքում կարող են մի քիչ լաւ կամ վատ աշխատել, բայց մեր կեանքում, ժողովրդի կեանքի պայմաններում բան չի  փոխուելու:
Եւ ուրեմն այս անելանելիութեան մէջ ո՞րն է ելքը: Հին առասպելներում անելանելի վիճակում յայտնուած մարդիկ գնում էին իմաստունի մօտ: Մեր նոր առասպելում եւս եկել է իմաստունի մօտ գնալու ժամանակը:
Նոր առասպելի իմաստունը հէնց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է, սիրելի ժողովուրդ: Մեզ իմաստնացրել է մեր երկար կենսագրութիւնն ու փորձը, մեր անսասան նպատակասլացութիւնն ու սկզբունքայնութիւնը, մեր հանդուրժելու ու չհանդուրժելու կարողութիւնը, մեր յարատեւ պայքարը՝  վերջապէս:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է, որ կարող է փոխել մեր կեանքը, մենք ենք, որ վերջ ենք դնելու այսօրուայ  ապիկար  տնտեսական քաղաքականութեանը:
Դաշնակցութի՛ւնն է, որ կարող է բեկանել մեր կեանքում առկայ անարդարութիւնները: Դաշնակցութի՛ւնն է, որ կարող է տէր կանգնել անգործներին, վերջ դնել աղքատութեանը‘ մեր երիտասարդներին ամուր կապելով այս երկրի եւ այս երկրի ճակատագրի հետ, նրանց համար ապահովելով բարօրութիւն եւ զարգացում: Դաշնակցութի՛ւնն է, որ կարող է մեր հասարակութեան մէջ ապահովել համերաշխութիւն:
Դաշնակցութի՛ւնն է այդ ուժը, որովհետեւ հաւատում է այլ արժէքային համակարգի, ուր տիրական են արդարութիւնն ու ազատութիւնը, իսկ ազգային արժանապատուութեան հիմքում ընկած է հայ մարդու անհատական արժանապատուութիւնը: Դաշնակցութի՛ւնն է այդ կազմակերպութիւնը, որովհետեւ ազգային եւ ընկերվարական կուսակցութիւն է: Ընկերվարութիւնը բխում է մեր արժէքային համակարգից ու ազգային էութիւնից: Մենք հաւատում ենք, որ ազգային հեռանկար ունեցող եւ այդ հեռանկարին իրապէս ձգտող ազգի մէջ պէտք է տիրի արդարութիւն, բարօրութիւն ու համերաշխութիւն: Մենք հաւատում ենք, որ պէտք է ունենանք հզօր կազմակերպուած պետութիւն, որի շուրջ համախմբուած լինի ժողովուրդը եւ ձգտի իր ազգային հեռանկարին, եւ դա չի կարելի իրականացած տեսնել, եթէ պետութիւնը իրական պատասխանատուութիւն չի կրում իր ժողովրդի աշխատանքի, բարօրութեան եւ  զարգացման համար:
Խոցելի է մեր պետականութիւնը, քանի դեռ մեզ մօտ կայ անարդարութիւն, քանի դեռ կանգ չի առել արտագաղթի հոսքը, քանի դեռ առկայ է աղքատութիւնը, քանի դեռ մեր երիտասարդութիւնը հնարաւորութիւն չունի նոյնացնելու իր ճակատագիրը հայ ժողովրդի ճակատագրի հետ:
Խոցելի ենք, որովհետեւ այնտեղ, ուր կայ անարդարութիւն, աղքատութիւն եւ թշուառութիւն, անխուսափելի են քաղաքական, հասարակական ցնցումները, ներքին առճակատումները, արտաքին միջամտութիւնները, թշնամական սպառնալիքները:
Համատարած անարդարութեան, աղքատութեան, անգործութեան պայմաններում որեւէ իշխանութիւն չի կարող ժողովրդական յենարան ունենալ, եւ ինչպէս մեզ մօտ է պատահում, իշխանութիւնները պարտաւորուած են լինում իրենց ինքնանպատակ իշխանութիւնը պահելու համար մի կողմից, ներքին կեանքում յենուել սակաւապետերի, յանցագործ տարրերի եւ կեղծիքների վրայ, իսկ միւս կողմից՝  արտաքին ճակատում զիջել մեր ինքնիշխանութիւնից ու նահանջել որդեգրուած ազգային ուղեգծից:
Արդիւնքում մի կողմից խորանում են հակասութիւնները հասարակութեան մէջ, սակաւապետերն ու յանցագործ տարրերը դառնում են աւելի ու աւելի սանձարձակ, ընտրութիւնները վերածւում են քուէահաւաքի, իսկ քաղաքական իշխանութիւնները սակաւապետերի ու յանցագործների սպասարկող գործիքի: Իսկ միւս կողմից՝  օրըստօրէ մեծանում է արտաքին ուժերի, դեսպանատների դերակատարութիւնը մեր երկրում, որոնք իրենց թոյլ են տալիս միջամտել մեր ներքին հարցերին, իսկ շատ ու շատ քաղաքական ուժերի համար, աւա՜ղ, նրանց քծնելն ու սպասարկելը դառնում է սովորական երեւոյթ ու սպառնալիք՝  մեր ազգային անվտանգութեան համար:
Եւ դեռ աւելի՛ն. իշխանութիւնները անզօր ու անճարակ ներքին դժգոհութեան պատճառները վերացնելու հարցում‘ փորձում են սիրաշահել, բաւարարել օտար պահանջները, որպէսզի ունենան հնարաւորութիւն զսպելու ներքին դժգոհութիւնն ու խռովութիւնը, ու այսպիսով արտաքին քաղաքականութեան ասպարէզում որդեգրում են պարտուողական, արկածախնդրական քաղաքականութիւն:
 
Ես այլկերպ չեմ կարող կոչել հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրութիւնների ստորագրումը, որը միաժամանակ թէ՛ ազգային անվտանգութեան տարրական սկզբունքների անտեսում էր, թէ՛ ազգային արժանապատուութեան ոտնահարում եւ թէ՛ սերունդների իրաւունքի վրայ բռնացում: Մի՞թէ չենք կարողանում հասկանալ, երբ նոյնիսկ իրենց է ապացուցուած, որ այդ արձանագրութիւնները սխալ էին: Մի՞թէ տեսնելով Թուրքիայի նորանոր թշնամական դրսեւորումները‘ կարելի է այդքան յամառել եւ յետ չվերցնել ստորագրութիւնը այդ  չարաբաստիկ արձանագրութիւններից:
Մենք խոստանում ենք, ձեր վստահութեան քուէն ունենալու դէպքում, որ մեր առաջին քայլերից մէկը այդ արձանագրութիւնները պատմութեան աղբարկղ նետելն է լինելու:
Մենք պէտք է վերջ դնենք այս իրողութիւններին, մենք պէտք է փոխենք մեր կեանքը, այս ընտրութիւնների միջոցով ու արդիւնքում յանձին Հայ յեղափոխական դաշնակցութեան բովանդակութեամբ նոր իշխանութիւններ ձեւաւորենք մեր երկրում:

Իմաստունին վստահելու ժամանակն է, սիրելի՛ ժողովուրդ: