Սիրելի՛ հայրենակիցներ,
Ահա եւ պատմութիւն է դառնում 2011 թուականը:
Նոր տարին ընտանեկան տօն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը եւ բաժակ բարձրացնում‘ նայելով իրար աչքերի մէջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմաւորենք Նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կայ իւրաքանչիւրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակէտ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում Նոր տարուայ սահմանագիծը:
Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ աւելին ունենք, քան կարծում ենք: Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մէկ է‘ մեր նպատակները նոյնանում են, երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, սփիւռք, խաղաղութիւն, ծնող, զաւակ… Եկէ՛ք մեր մտքում ամբարենք անցած տարուայ մեր յաջող գործերն ու յաղթանակները‘ հպարտ ու փայլող շարասիւները, վերածնուած Մատենադարանը, հրաշալի օդանաւակայանը, հրոսակների զսպումը, համազգային ոգեւորութեան անմոռանալի դրուագները, միւսները: Եկէ՛ք անցած տարում թողնենք անտարբերութիւնը, իրար չլսելը, թշնամանքը… չթուեմ‘ գիտենք, թէ ինչը արժէք չէ ու յարիր չէ հարազատ ընտանիքին: Եկէ՛ք նոր‘ 2012 թուական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը եւ նոր յաղթանակների վճռականութիւնը‘ ի բարօրութիւն մեր հայրենիքի‘ Հայաստանի, Արցախի, սփիւռքի, յանուն խաղաղութեան ու արարման, յանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, յանուն սահմանին կանգնած մեր որդիների:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք սիրում ենք շեշտել, որ հայերը հին ու հզօր մշակոյթի ժառանգորդներ են, եւ դա ճիշդ է: Բայց փաստ է նաեւ այն, որ ներկայ Հայաստանում շատ բան անկատար է: Մեր երկրում կան ընտանիքներ, որոնք անգամ այս տօնական պահին հազիւ են տաքացրել իրենց կացարանը, անբարեկարգ գիւղեր ու քաղաքներ կան, որոնք չեն համապատասխանում քաղաքակիրթ երկրի մասին մեր պատկերացումներին ու չափանիշներին: Անկասկած, մենք պիտի դառնանք այն երկիրը, որտեղ ամէն քայլափոխի զգացուի, թէ ովքեր ենք մենք, ինչ մեծ ու հարուստ աւանդոյթների ու քաղաքակրթութեան հետնորդներ ենք: Այս առումով 2012 թուականը նոյնպէս պէտք է լինի յամառ աշխատանքի տարի. միայն աշխատանքով է հնարաւոր բժշկել, խնամել, հոգ տանել ու յարմարաւէտ դարձնել կեանքը: 2012-ը աշխատանքի՛ տարի է լինելու:
Ինչպէս գիտէք, գալիք տարի նաեւ անցկացուելու են Ազգային ժողովի ընտրութիւններ: Ընտրութիւնները մեզանում շատ դէպքերում ընկալուել են, կրկնում եմ‘ ընկալուել են, միայն որպէս իշխանութիւն ձեռք գցելու կամ իշխանութիւնը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ աւելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել‘ անել ինձնից կախուածը արատաւոր կարծրատիպից հրաժարուելու, իրօք ազգային եւ իրօք պետական մօտեցման սկզբունքները քաղաքական կեանքում արմատաւորելու համար: Չեմ թաքցնի‘ օգնութեան կարիք էլ եմ ունեցել եւ ունեմ:
Մենք մտնում ենք ոչ միայն Նոր տարի, այլեւ մեր երկրի ու հասարակութեան զարգացման նոր փուլ: Հաւատում եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետութեան ու հանրութեան գործունէութեան բոլոր ասպարէզներում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ ձեզ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ: Մաղթում եմ, որ այս օրերին տօնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրութիւնն ու լաւատեսութեան ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղութիւն եւ բարօրութիւն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին:
Շնորհաւո՛ր Նոր տարի: