«Արմէնփրէս» մամլոյ սրահին մէջ կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրէն Յասմիկ Ղազարեան ըսած է, որ 1990 թուականէն մինչեւ օրս Հայաստանի մէջ փակուած են 500 գրադարաններ, որոնք հիմնականին մէջ հա
մայնքային գրադարաններ էին: «Վերջին տարիներին աւելի շատ ուշադրութիւն ենք դարձնում համայնքային գրադարաններին, որովհետեւ վերջին տարիներին դրանք գտնւում են, մեղմ ասած, ոչ ցանկալի վիճակում:
1990 թուականից յետոյ գրեթէ 500 գրադարան է փակուել: Եղածները գտնւում են անյուսալի եւ խեղճ վիճակում: Նախ՝ վատ են գրադարանային պայմանները, շէնքերը վերանորոգուած չեն, գրքերի պահպանման խնդիր է առաջանում, դրանից բացի գրադարանները տարիներով չեն համալրւում», տեղեկացուցած է Յասմիկ Ղազարեան: Նախապէս Հայաստանի մէջ կար 1315 գրադարան, եւ երբ 1996 թուականէն գրադարանները յանձնուեցան համայնքային կառոյցներուն, սկսաւ տարուէ տարի անոնց նուազումի գործընթացը:
«Գրադարանների պահպանման հարցը տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուութեան ներքոյ է, իսկ փորձը ցոյց է տալիս, որ դա չի արդարացնում, տեղական մարմինները չեն կարողանում գրադարանները պահել: Եւ դա միայն ֆինանսականի հետ կապուած չէ: Մենք ունենք հրաշալի օրինակներ, երբ համայնքներում գրադարանները գործում են ու լաւ վիճակում են:
Բոլոր համայնքների ղեկավարները չեն, որ ի վիճակի են գնահատել գրադարանի դերը», դիտել տուած է ան։ Պատասխանելով այն հարցումին, որ արդեօք նաեւ ընթերցողի պակաս չկա՞յ, Յասմիկ Ղազարեան ըսած է, որ նման խնդիր կայ, բայց գրադարանը եւս չի համալրուիր, ուստի ընթերցողներուն թիւը ինքնաբերաբար կը նուազի։ Ըստ անոր՝ կան գրադարաններ, որոնք 10 տարիէ ի վեր չեն թարմացուցած իրենց գրացուցակը, եղած գրականութիւնն ալ մաշած է։