Սեպտեմբերի 2ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25ամեակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսութեան, ստեղծագործ կեանքի ու նուաճումների տարիներ: Այդ նուաճումները չէին լինի առանց համա
հայկական միասնութեան ու ներուժի համախմբման:
Այսօր կանգնած ենք անցած տարիների յաջողութիւններն ամրապնդելու, նոր մարտահրաւէրներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրուանում Արցախի խնդրի կարգաւորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետութեան անվտանգութեան ապահովումը: Այսօր պատեհ առիթ է մէկ անգամ եւս վերահաստատելու այս առումով Հ.Յ.Դ. դիրքորոշումները.-
1.- Արցախեան Հարցի կարգաւորման որեւէ համաձայնութիւն պէտք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնուազն՝ Արցախի անկախութիւնը։
2.- Արցախի սահմանները ճշդելիս, պէտք է առաջնորդուել պատմական իրաւունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան իրական՝ աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:
3.- Բանակցային գործընթացում պէտք է առաջնորդուել Արցախի ժողովրդի 1991թ. անկախութեան եւ 2006թ. Լ.Ղ.Հ. Սահմանադրութեան ընդունման համաժողովրդական հանրաքուէներով արդէն իսկ կայացած արտայայտութեամբ։
4.- Առ այդ Հ.Յ.Դաշնակցութիւնը ՝
- Շարունակում է Լ.Ղ.Հ. միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը։ Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ Լ.Ղ.Հ. անկախութեան ճանաչմանը։
- Պաշտպանում է Լ.Ղ.Հ.ն որպէս լիիրաւ բանակցային կողմ ներառելու պահանջը։
- Հետամուտ է Հ.Հ. եւ Լ.Ղ.Հ. միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպէս Լ.Ղ.Հ. անկախութեան եւ անվտանգութեան երաշխիքի։
- Անընդունելի է համարում Լ.Ղ.Հ. անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման հետ կապուած առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգաւորում:
- Դէմ է վերոնշեալ պահանջը անտեսող որեւէ «փուլային» լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագայ լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի։ Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժէք, միաժամանակեայ եւ փաթէթային լուծման շրջանակներում:
- Պաշտպանում է Հ.Հ.ի կողմից Լ.Ղ.Հ. անկախութեան ճանաչման ակտի անհրաժեշտութիւնը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ատրպէյճանի ռազմական ագրեսիայի դէպքում։
- Հետամուտ է, որպէսզի Ատրպէյճանի կողմից 1994-1995թթ. Եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղեալ համարելու բոլոր ճիգերը դատապարտուեն միջազգային համայնքի կողմից։
- Համոզուած է, որ Հ.Հ. եւ Լ.Ղ.Հ. անվտանգութեան երաշխաւորները նախ եւ առաջ Հ.Հ. Զինուած ուժերն ու Լ.Ղ.Հ. պաշտպանութեան բանակն են։ Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդիւնաւէտ միջոցներ կիրառուեն Արցախ-Ատրպէյճան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար։
- Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայութեան ներուժը՝ Արցախեան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակայ խնդիրներ է համարում Արցախի բնակչութեան աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղուած համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
2 Սեպտեմբերի 2016թ.