Բազմավաստակ համալսարանականներ, ակադեմիկոսներ Արսէն Տէրտէրեանի, Հրանդ Թամրազեանի, Էդուարդ Ջրբաշեանի եւ Գուրգէն Սեւակի կիսանդրիները պիտի զարդարեն Երեւանի պետական համալսարանի բանասիրական կաճառի ճեմասրահը:
Ասկէ ետք այս կաճառի հայ գրականութեան ամպիոնը պիտի կրէ Հրանտ Թամրազեանի անունը:
Կիսանդրիներու բացման ու ամպիոնի անուանակոչութեան հանդիսաւոր արարողութեան ներկայ էին բազմաթիւ մտաւորականներ, դասախօսներ եւ ուսանողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
«Մենք մեր անուանի դասախօսներին, մեր յարգարժան պրոֆեսորներին մեծարում ենք եւ նրանց կիսանդրիներն ենք կանգնեցրել՝ դրանով նորովի իմաստաւորելով Երեւանի պետական համալսարան հասկացութիւնը: Հրանդ Թամրազեանը իսկապէս սերունդներ է դաստիարակել իր հրաշալի դասախօսութիւններով, խորհրդային դժուարին ժամանակներում կարողացել է ասել բուն ճշմարտութիւնը մեր գրականութեան մասին, նրա իրական գեղարուեստական նուաճումների մասին եւ, միեւնոյն ժամանակ, թուրքերի եւ բոլշեւիկների կողմից տրորուած գեղեցկութիւնների մասին: Մենք նրան շատ բանով ենք պարտական»,- ըսած է հայ գրականութեան ամպիոնի վարիչ, փրոֆ. Սամուէլ Մուրադեան: