Հայաստան փախստականները ընդունելու առումով աշխարհի մէջ 4րդ երկիրն է: Այս մասին Ազգային Ժողովին մէջ Հ.Հ. 2016 թուականի պետական պիւտճէի նախագիծի քննարկման ժամանակ ըսած է Հ.Հ. սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան` պատասխանելով Ա.Ժ. Օրինաց Երկիր Կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանի հարցումին:
«Սիրիայում հակամարտութեան սրման հետեւանքով սիրիահայերը հաստատուել են Գերմանիայում, Շուէտիայում, Գանատայում: Լիբանանում մօտաւորապէս 12 հազար սիրիահայ է հաստատուել, 5-6 հազար սիրիահայ ընտանիք էլ ապրում է Յորդանանում: Մի քանի ընտանիք այս պահին Թուրքիայում են, բայց աշխարհում փախստական ընդունելու թուով մենք չորրորդն ենք եւ բաւականին առաջ ենք բոլոր համեմատականներով»,-«Արմէնփրես»ի հաղորդմամբ նշած է Հրանոյշ Յակոբեան:
Ան ընդգծած է, որ սուրիահայերու ընկերային հիմնախնդիրները, կրթութիւնը, առողջապահութիւնը, գործարար ծրագիրները խթանելը Հայաստանի մէջ կը կատարուին անվճար: «Մենք շատ ակտիւ աշխատում ենք միջազգային կառոյցների հետ, նրանց հետ իրականացուող ծրագրերն ուղղում ենք յատկապէս սիրիահայերի բնակարանների վարձին, որովհետեւ եկողը պէտք է բնակարան ունենայ առաջին հերթին, իսկ յետոյ աշխատանք: Մենք այս երկու հարցի վրայ շատ մեծ ուշադրութիւն ենք դարձնում: Այս առումով միջազգային կառոյցների առաջարկուող ծրագրերը մենք ուղղում ենք մարդկանց բնակարանային վարձի խնդիրների կարգաւորմանը:
Մօտաւորապէս 700 սիրիահայ ընտանիք ամսական 200 դոլարի համարժէք գումար է ստանում բնակարանի վարձի խնդիրները կարգաւորելու համար»,- աւելցուցած է նախարարը:
Հրանոյշ Յակոբեան ուրախութեամբ նկատած է, որ Հայաստանի մէջ արդէն փոխուած է գործատուներու վերաբերմունքը սուրիահայերու նկատմամբ: Անոր խօսքով` եթէ սկզբնական շրջանին գործատուները մտահոգութիւններ ունէին սուրիահայերուն աշխատանքի ընդունելու հետ կապուած, ապա հիմա մեծ սիրով աշխատանքի կը վերցնեն զանոնք: «Իրականում սիրիահայերը շատ աշխատասէր են, պատասխանատուութեան մեծ զգացում ունեն: Կարող եմ ասել, որ նրանք աշխատանքային նոր մշակոյթ են բերել Հայաստան եւ մենք դեռ նրանցից ինչ-որ բաներ ունենք սովորելու»,- մանրամասնած է նախարարը: Սուրիահայերուն պետութեան կողմէ տրամադրուած է 1,5 միլիառ տոլարի վարկ` 5 տարի ժամկէտով եւ 4 տոկոս տոկոսադրոյքով` Հայաստանի մէջ սեփական գործ սկսելու համար:
Հրանոյշ Յակոբեանի խօսքով` ասոնք անոնց համար շատ լաւ պայմաններ են, իսկ սուրիահայերը այդ վարկային միջոցներով կրցած են իրականութիւն դարձնել իրենց ծրագիրները: