Լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին այս մասին յայտնած է Երեւանի քաղաքապետարանի փոխադրութեան վարչութեան պետ Հենրիկ Նաւասարդեան՝ նշելով, որ ներկայիս շատ աւելի քիչ թիւով մարդատար կ՛աշխատի, որովհետեւ թէ՛ երեւանցիները, եւ թէ ալ վարորդները արձակուրդի մէջ են։ «Այսօրուայ դրութեամբ տրանսպորտային ձեռնարկութիւնները պատրաստակամ են Սեպտեմբերի 1ից տեխնիկապէս աւելի լաւ վիճակով, սանիտարական վիճակն աւելի մաքուր պահելով, անվտանգութեան կանոնները պահպանելով սպասարկել մեր երեխաներին, ուսանողներին, քաղաքացիներին: Սեպտեմբերի 1ից տրանսպորտի շարժակազմը կ՛աւելանայ 100 աւտոբուսով եւ 200-250 միկրոաւտոբուսով»,- յայտնած է ան։
Հենրիկ Նաւասարդեան նշած է, որ նախորդ տարիներուն հետ բաղդատելով՝ այս տարի փոքր պասերուն թիւը նուազած է, իսկ մեծ պասերուն թիւը աւելցած։ «Նախկինում գրեթէ աւտոբուսներ չունէինք, մենք այսօրուայ վիճակով ունենք շուրջ 600 աւտոբուս եւ սպասարկելու համար պատրաստ են 400-450 աւտոբուս: Տարիներ առաջ միկրոաւտոբուսների թիւը 3500 էր, 2012ին՝ 2600 էր, այսօր ի հաշիւ աւտոբուսների նուազել ու հասել է 1500ի, որից երթուղի կարող են օրական դուրս գալ 1200ից 1250ը»: