Վերջին շրջանին Հայաստան տեղափոխուած սուրիահայերուն թիւը աւելցած է: Մայիս 12ին Սուրիոյ մէջ աւարտած են դպրոցական դասերը եւ քննութենէն ետք շատ ընտանիքներ մեկնած են Հայաստան, այլ երկիր կամ Սուրիոյ մէջ այլ անվտանգ շրջան:
Հ.Հ. սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրտուս Զաքարեան յայտնած է.- «Այս պահին Սիրիայից դուրս եկողները շատացել են, ի հարկէ, բոլորը չէ, որ գալիս են Հայաստան, բայց վերջին 1-1,5 ամսում Հայաստան է ժամանել 500 սիրիահայ: Դա նախորդ մի քանի ամիսների համեմատ մեծ թիւ է»։ Ան նշած է, որ ներկայիս սուրիահայերուն թիւը Հայաստանի մէջ առնուազն 12,5 հազար է:
Անդրադառնալով այն հարցին, թէ ի՞նչ յատուկ քայլեր կը կատարուին նոր ժամանած սուրիահայերուն յարմարեցումը հայրենիքի մէջ ապահովելու համար, Ֆիրտուս Զաքարեան ըսած է,- «Նրանց հետ նոյն աշխատանքն ենք տանում, ինչ նախապէս եկածների հետ: Եթէ ունի կացարան, լաւ է, եթէ ունի կացարանի վարձավճարի խնդիր, հոգում ենք այդ վճարները, ի հարկէ, մինչեւ աշխատանք կը գտնեն: Իրենց մենք բացատրում ենք, թէ ի՞նչ արտօնութիւններ ունեն: Մասնաւորապէս, ասում ենք, որ առողջապահութիւնն իրենց համար անվճար է, բուհում սովորողների ուսման վճարն ենք փոխ-հատուցում, նախադպրոցական հիմնարկներում նրանց ընդունում են արտահերթ, վիզաների հարցն ենք կարգաւորում»: Ֆիրտուս Զաքարեան դժուարացած է յստակ նշել, թէ նոր ժամանած 500 սուրիահայերէն քանի հոգին մշտական բնակութիւն պիտի հաստատեն Հայաստանի մէջ: Ան ըսած է, որ Սուրիայէն դուրս եկածներուն միայն 20 տոկոսը ժամանած է Հայաստան: «Սիրիայում ապրել է 60-80 հազար հայ, այս պահին 17 հազար հայ է մնացել: Կէսից պակասն է, որ Հալէպում են բնակւում, մնացածները Լաթաքիայում, Քեսապում, Գամշլիում: Սիրիայի ներսում են տեղափոխւում, Հալէպից տեղափոխւում են այլ հատուածներ, որոնք առաւել անվտանգ են»,- աւելացուցած է ան: Ինչ կը վերաբերի Սուրիայէն Հայաստան տեղափոխուած եւ հայրենիքի մէջ գործի ձեռնարկած խումբ մը գործարարներու ունեցած դժգոհութեանց, Ֆիրտուս Զաքարեան նշած է, թէ տեղեակ են այդ դէպքերուն: «Ես չեմ կիսում հիասթափուածների տրամադրութիւնները: Նրանք այն մարդիկ էին, որ մասնակցել են երկամսեայ սեմինարի, որի արդիւնքում ծանօթացել են Հայաստանի գործարարական (բիզնես) միջավայրին, ցածր տոկոսով վարկեր են վերցրել: Նրանք շուրջ 70 հոգի են, նրանցից մօտ 50ը կայացել են: Բայց նրանց մի մասը չկարողացաւ ճիշդ օգտագործել այդ գումարները»,- դիտել տուած է սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավարը: Անոր դիտարկումով` սուրիահայերը տեղաբնակներու համեմատ աւելի լաւ կրնան վարել գործարարութիւն, քանի որ նախաձեռնող են եւ ունին այդ հոգեբանութիւնը: Այդուհանդերձ՝ անոնցմէ ոմանք չյաջողեցան իրենց գործունէութեան մէջ: «Եթէ նոյն գումարը տանք սիրիահայերին ու տեղացուն, սիրիահայերը շահելու են, քանի որ հոգեբանօրէն բիզնեսին պատրաստ են: Շատերը չկարողացան այդ գումարները ճիշդ կառավարել: Ես կարծում եմ` իրենք նաեւ իրենց պիտի մեղադրեն, չասեն միայն բիզնես դաշտն է վատը, բա ինչո՞ւ է մի մասի մօտ ստացւում: Իրենք պէտք է բոլոր ռիսկերը հաշուի առած լինէին»,- աւելցուցած է Ֆիրտուս Զաքարեան: