Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի պաշտօնակատար Վասիլի Աթանեսեան, «Արմէնփրէս»ին տուած հարցազրոյցին մէջ, «ինչպէ՞ս էք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ փուլը» հարցին պատասխանելով՝ յայտարարած է, որ
«Քազանի հանդիպման ժամանակ, ատրպէյճանական կողմը, առանց չափազանցման, շուրջ մէկ տասնեակ նախապայմանների առաջադրմամբ ուղղակի տորպեդահարեց (հրթիռահար ըրաւ) բանակցային գործընթացը՝ եւս մէկ անգամ ցուցադրելով իր ոչ կառուցողական դիրքորոշման զինանոցը: Այնպէս որ, անիմաստ է խօսել բանակցային գործընթացի ներկայ փուլի մասին, որովհետեւ այն նոր-նոր պէտք է մեկնարկի: Խօսքն այն մասին է, որ այս ամսուայ ընթացքում նախատեսւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ենթադրում ենք, որ նրանք տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնն ամրապնդելու նպատակով կարող են նաեւ կողմերի քննարկմանը ներկայացնել առաջարկութիւններ պարունակող միջոցառումների լրացուցիչ փաթեթ: Թէ որքանով դրանք կը նպաստեն բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն, դժուար է ասել»:
«Տուեալ պարագայում խօսքը Արցախ - Ատրպէյճան երկխօսութեան, անմիջական շփումների բացակայութեան մասին է, որոնց առկայութիւնը հետագայում կարող է նաեւ, որպէս շարունակութիւն, երկկողմ բանակցութիւնների տեսք ընդունել», յայտնած է ան: