Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեան ելոյթ ունեցած է Մարտ 18ին մեկնարկած «Արարատի ստորոտին» 5րդ «մետիա խորհրդաժողով»ին։
Ստորեւ կը ներկայացնենք Հ.Հ. նախագահի ելոյթին Ցեղասպանութեան եւ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան վերաբերող հատուածը.-
«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետութիւնում՝ այս կարեւոր եւ մասշտաբային միջոցառման շրջանակներում: Աշխարհի տարբեր անկիւններից 150 անուանի լրագրողների ներկայութիւնն արդէն իսկ խօսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրութեան ուշադրութեան, ինչպէս նաեւ Հայաստանի հանդէպ ունեցած հետաքրքրութեան մասին: Յուսով եմ, որ «Արարատի ստորոտին» գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցներդ աշխատանքից բացի հնարաւորութիւն կ’ունենաք ծանօթանալու հայկական մշակոյթին եւ խոհանոցին, հմայուելու բիբլիական Արարատ լերան հիասքանչ տեսարանով:
Ակնյայտ է, որ մեր օրերում լրատուամիջոցները համամարդկային արժէքները տարածելու, դրանց ոտնահարման դէմ պայքարելու եւ միջազգային հանրութեանը համախմբելու հսկայական ներուժ ունեն: Այսօր մէկ յարկի տակ է հաւաքուել միջազգային լրատուամիջոցների խիստ ներկայացուցչական մի կազմ, որն արդէն իսկ ձեւաւորել է Հայոց Ցեղասպանութեանն առնչուող քննարկումների արդիւնաւէտ մեդիա հարթակ՝ միտուած եւս մէկ անգամ վեր հանելու 20րդ դարի մեծագոյն յանցագործութիւններից մէկի հետ կապուած իրողութիւնները։ Այս համաժողովը, ինչու չէ, նաեւ իւրօրինակ հարթակ է առաւել հանգամանալից եւ համակողմանի ներկայացնելու տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետութեան ձեռքբերումներն ու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները:
2015 թուականին Հայաստանը, աշխարհասփիւռ հայութիւնը միջազգային հանրութեան հետ յիշում եւ ոգեկոչում են մէկ դար առաջ Օսմանեան Կայսրութիւնում իրականացուած Հայոց Ցեղասպանութիւնը, որին զոհ դարձաւ 1,5 միլիոն հայ, հարիւր հազարաւորներ էլ դարձան գաղթական կամ բռնի կրօնափոխ եղան։ Իւրաքանչիւր հայ, աշխարհի որ անկիւնում էլ գտնուի, զգում է Մեծ Եղեռնի հետեւանքները թէ՛ բարոյահոգեբանական, թէ՛ մշակութային, թէ՛ լեզուական եւ թէ՛ քաղաքական առումներով:
Մենք կը ցանկայինք Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը ոգեկոչել նաեւ թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման եւ յարաբերութիւնների հաստատման մի նոր հանգրուան, որին էլ միտուած էին 2009 թուականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած արձանագրութիւնները եւ իմ հրաւէրը Թուրքիայի նախագահ Էրտողանին՝ Ապրիլի 24ին միասին յարգելու Հայոց Եղեռնի զոհերի յիշատակը: Ցաւօք, այս անգամ էլ մենք բախուեցինք ժխտողականութեան հետ, որն այս տարի առանձնայատուկ դրսեւորում ստացաւ:
Վստահ եմ՝ տեղեակ էք, որ այս տարի Թուրքիայի իշխանութիւնները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարիւրամեակը տօնել հէնց Ապրիլի 24ին, որի միակ դրդապատճառը Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի միջոցառումներից միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դէպ այս առիթով ձեր նորվեկիացի գործընկեր Բորդ Լարսենը, ս.թ. Փետրուարին հրապարակած «Անօգուտ դիւանագիտութիւն» վերտառութեամբ իր յօդուածում, շատ դիպուկ նկատել է, թէ «սա նման կը լինէր նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային յիշատակման օրը տօնէր Վերմախտի հերոսական յաղթանակներն Արեւելեան ճակատում` Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ»:
Ցաւում եմ, որ Թուրքիայի իշխանութիւններն այս տարելիցը որպէս սեփական պատմութեան հետ առերեսման եւ հաշտեցման առիթ օգտագործելու փոխարէն, իրենք իրենց դրեցին անյարմար իրադրութեան մէջ՝ ակնյայտ կերպով խեղաթիւրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ յայտնի ժամանակագրութիւնը եւ այդպիսով համեմելով ժխտողականութեան քաղաքականութիւնը նոր դրսեւորումներով:
Թուրքական իշխանութիւններն իրենց ժխտողական քաղաքականութեամբ ոչ միայն արդարացնում են Օսմանեան իշխանութիւնների յանցագործութիւնը՝ հայերի հայրենազրկումը, այլեւ վտանգաւոր նախադէպ ստեղծում նոր ցեղասպանութիւնների իրագործման համար: Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանութիւնները, վերջին տարիներին «Իսլամական Պետութեան» կողմից իրականացուող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգութեան ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատւութիւնից խուսափելու կամ Հայոց Ցեղասպանութիւնը մոռացութեան մատնելու փորձերը կարելի է որակել որպէս շարունակական յանցագործութիւն եւ նոր ցեղասպանութիւնների խրախուսում:
Այնուամենայնիւ, պէտք է նշեմ, որ Թուրքիայի մտաւորականութեան եւ առաջադէմ երիտասարդութեան աւելի ու աւելի շատ հատուածներ խիզախում են առերեսուել իրենց պատմական անցեալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիւ եւ չկրել մեղքի այդ ծանր բեռը:
Ակնյայտ է, որ Թուրքիայի ներկայ իշխանութեան որդեգրած քաղաքականութեան շրջանակներում այլեւս անհնարին էր յայտնի Արձանագրութիւնների կեանքի կոչումը, ինչը պաշտօնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշուող անհեթեթ նախապայմանների հարթութիւնից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի յետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական աւարտին չհասաւ, եւ բոլորին յայտնի է, թէ ո՞ր կողմի պատճառով այն ձախողուեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիւ, մենք մտադիր չենք ներգրաւուել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականութիւնների զոհ եւ ամենակարեւորը՝ առանց վստահութեան վերականգնման:
Ի սկզբանէ մենք կարծում էինք, որ Թուրքիայի իշխանութիւնների կողմից հռչակուած «զրօ խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականութեան մէջ ամրագրուած էին Թուրքիայի անկեղծ մտադրութիւնները՝ կարգաւորել յարաբերութիւնները հարեւան երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ: Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի եւ այլ պետութիւնների ներկայ յարաբերութիւնների բնոյթը, սակայն, ինչպէս ցոյց տուեցին հետագայ զարգացումները, Թուրքիան կանգնեց «զրօ հարեւան եւ բազմաթիւ խնդիրներ» իրողութեան առջեւ: Փաստօրէն, Թուրքիայի իրական մտադրութիւնը ոչ թէ «հարեւանների հետ զրօ խնդիրներ» ունենալն էր, այլ յարաբերութիւնների սեփական ընկալումը հարեւաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նէոօսմանիզմի քաղաքականութեան դրսեւորում:
Ստեղծուեց Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը, որին անդամակցում են հայկական խոշորագոյն բոլոր կառոյցների ղեկավարները: Յանձնաժողովի կողմից ընդունուեց Համահայկական Հռչակագիրը, որում ամրագրուած է հայ ժողովրդի հաւաքական կամքը եւ որում վերահաստատւում է Հայաստանի եւ հայ ժողովրդի յանձնառութիւնը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանութիւնների կանխարգելման, ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդների իրաւունքների վերականգնման եւ պատմական արդարութեան հաստատման համար: Այդ տեսանկիւնից Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումները սոսկ համահայկական բնոյթ չեն կրում. դրանք համամարդկային արժէքների դէմ ցանկացած ոտնձգութեան կանխման իւրատեսակ կոչ են: Այդ իսկ պատճառով ես հրաւէրներ եմ ուղարկել աշխարհի տարբեր պետութիւնների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտօնեաների՝ Ապրիլի 24ին գալու Հայաստան եւ այդպիսով ցեղասպանութեան յանցագործութեան անթոյլատրելիութեան մասին հզօր ուղերձ յղելու աշխարհին:
Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է իր պայքարն ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան նաեւ միջազգային կազմակերպութիւններում: 2013թ. Մարտին Մ.Ա.Կ.ի Մարդու Իրաւունքների Խորհրդի 22րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունուեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ բանաձեւը: Այս տարի եւս առաջարկելու ենք նոր բանաձեւի նախագիծ:
Ոգեւորիչ է, որ միջազգային հանրութեան ներկայացուցիչները եւս անմասն չեն Հայաստանի նախաձեռնութիւններից, աւելին՝ իրենց ծանրակշիռ աւանդն են բերում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործում:
Մենք յաւերժ երախտապարտ ենք բոլոր այն պետութիւններին ու ժողովուրդներին, որոնք այդ արհաւիրքի տարիներին եւ դրանից յետոյ ապաստան են տուել մեր ժողովրդի հազարաւոր զաւակների՝ տալով նրանց հնարաւորութիւն վերապրելու եւ պահպանելու սեփական ինքնութիւնը, դառնալու տուեալ երկրների հասարակութիւնների լիարժէք անդամներ:
Կարեւորելով ցեղասպանութիւնների ճանաչումն ու դատապարտումը որպէս դրանց կրկնութեան կանխարգելման միջոց` մենք շնորհակալ ենք նաեւ բոլոր այն պետութիւններին եւ կազմակերպութիւններին, որոնք անդրադառնում են մեր ժողովրդի հանդէպ կատարուած այդ յանցագործութեանը: Սա վկայում է համամարդկային արժէքների պաշտպանութեան գործում քաղաքակիրթ աշխարհի անկեղծ յանձնառութեան մասին, միաժամանակ ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդների մօտ հաւատ ներշնչում արդարութեան, ոտնահարուած իրաւունքների վերականգնման, դրանց արժանի դատապարտման ու անպատժելիութեան անթոյլատրելիութեան հարցում:
Նման յանձնառութեան վերջին վառ վկայութիւններից էր Ե.Ժ.Կ. քաղաքական համաժողովի՝ ս.թ. Մարտի 3ին Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած «Հայոց Ցեղասպանութիւնը եւ եւրոպական արժէքները» բանաձեւի ընդունումը: Այն լուրջ քաղաքական ուղերձներ է պարունակում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ ժխտման վերաբերեալ՝ կոչ անելով Թուրքիային առերեսուել սեփական անցեալին հետ: Եւրոպայի խոշորագոյն եւ ամենաազդեցիկ քաղաքական ուժի նման դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան հարցում, անշուշտ, պէտք է ուղղորդիչ դեր խաղայ համաեւրոպական կառոյցների եւ Եւրամիութեան անդամ պետութիւնների համար»: