Print
Category: Հայաստան-Արցախ

Հէրի Որբերեան Շուշիի Մէջ Արուեստի Փառատօն Կը Կազմակերպէ

Երկու շաբաթ առաջ «Հորիզոն» հեռատեսիլի կայանի տնօրէն, արուեստագէտ նկարիչ Հէրի Որբերեան Արցախ մեկնած էր՝ յատուկ առաքելութեամբ: «Շուշի Արթ փրոճէքթ» անունով ոչ շահութաբեր միութեան հիմնադիր-ղեկավար Որբերեան, նախաձեռնած է Շուշիի մէջ «Հողը եւ արհեստագիտութիւնը» խորագրով փառատօնի մը կազմակերպման աշխատանքներուն: Ստեփանակերտի մէջ Հէրիի հետ զրոյց ունեցած է ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի շաբաթաթերթ «Ապառաժ»ը: Ստորեւ կը հրատարակենք սոյն զրոյցի բնագիրը.

 

Մէկ տարի առաջ անհատական ցուցահանդէս եմ ունեցել, իսկ այժմ մտածում եմ այն խմբային ներկայացնել, այսինքն՝ աշխարհի տարբեր երկրների նկարիչների մասնակցութեամբ: Այս գաղափարն իրականացնելու համար ընտրեցի Շուշի քաղաքը: Ինչո՞ւ Շուշին, որովհետեւ Շուշին եղել է մշակութային կենտրոն եւ իւրաքանչիւր հայի պարտքն է նպաստել Շուշիի մշակութային կեանքի վերականգնմանը: Ծրագիրը, որն իրականացուելու է Շուշիում, կրելու է «Շուշիի արուեստը» խորագիրը: Ներկայումս նախապատրաստական աշխատանքների փուլում ենք: Ցուցահանդէսը հաւանաբար կը կայանայ 2012 թուականի Հոկտեմբերին կամ 2013 թուականի գարնանը: Թէ՛ ԱՄՆում, թէ՛ տարբեր երկրներում աշխատանքներ են տարւում այդ ուղղութեամբ: Արուեստագէտները, որ պէտք է աշխատեն, մի փոքր այլ ոճ ունեն եւ Արցախում դժուար է այդ ոճի արուեստագէտ գտնելը, բայց աշխատանքերը շարունակւում են: Արդէն հանդիպել եմ որոշ արուեստագէտների հետ: Շատ կարեւոր է այս ծրագրին Արցախի մասնակցութիւնը: Նախնական պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Արցախի իշխանութիւնների հետ եւ նրանց կողմից ծրագիրը ողջունուել է: Յուսանք՝ այն կը յաջողենք եւ կ՛ապահովենք շարունակականութիւն, ու երկու տարին մէկ կը կարողանանք կազմակերպել: Ծրագրիրը նաեւ նպատակ ունի օտարներին ներգրաւելու եւ նրանց բերելու Արցախ:
Նախատեսում ենք քաղաքի տարբեր վայրերում ներկայացնել արուեստագէտների աշխատանքները. իւրաքանչիւր արուետագէտ ինքն է ընտրելու վայրը: Իսկ ժողովուրդը կարող է ամէն օր գալ, նայել՝ թէ աշխատանքն ինչպէս է:
 Մենք նպատակ ունենք, որ օտարները այցելեն Շուշի եւ Շուշիի շունչը իրենց հետ տանեն:


Love Notes                


Ծրագրի ֆինանսաւորումը հիմնականում իմ եւ ընկերներիս հանգանակած միջոցներով կ՛իրականանայ: Ես խուսափում եմ որեւէ պետական միջոցներից, նախատեսում եմ Ամերիկայում տարբեր ծրագրերով դրամահաւաքներ կազմակերպել:
Ծրագրի իրականացման վերջին երեք օրերին նախատեսւում են նաեւ տարբեր մշակութային միջոցառումներ: Վերջերս հրատարակուել է երջանկայիշատակ սփիւռքահայ գրող Վահէ Օշականի նոր գիրքը եւ Շուշիում այս ծրագրի շրջանականերում նախատեսւում է կազմակերպել սոյն գրքի շնորհանդէսը, որը կը ներկայացնի Վահէ Օշականի որդին՝ Արա Օշականը: Նախատեսւում է նաեւ ներկայացնել Սիւզան Խարդալեանի «Մեծ մօրս դաջուածքները» ֆիլմը եւ այլ միջոցառումներ: (Մասնակցող արուեստագէտներու շարքին են նաեւ Սամուէլ Սաղաթէլեան, Սահակ Պօղոսեան, Սեւ, Վաչագ Սարգսեան, եւ ուրիշներ:

«ԱՊԱՌԱԺ».- Հէրի Որբերեանը արմատներով Արեւմտեան Հայաստանից է, Ցեղասպանութեան հետեւանքով նրա նախնիները յայտնուել են Պէյրութում, Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին նրանք տեղափոխուել են Միացեալ Նահանգներ: Հէրիի մեծ մայրը (Լիլի Որբերեան) նաեւ ԱՄՆ վաստակաւոր արուետագէտ էր: Ինչպէս պատմում է նրա թոռը՝ մի օր երբ նրան պարգեւատրելու էին հրաւիրել, նրան պատուոգիր է յանձնել հէնց ինքը՝ Հիլարի Քլինթոնը: Վերջինս, երբ Հէրիի մեծ մօրն էր յանձնում պատուոգիրը, Հէրիի մեծ մայրը նրա ականջին ինչ-որ բան շշնջաց եւ Հիլարին գրկեց նրան: Հետագայում, երբ փորձեցին պարզել մեծ մօրից, նա ասաց, որ Հիլարիի ականջին շշնջացի՝ «Նագորնի Կարաբախի հարցով հետաքրքրուէք»: