Print
Category: Հայաստան-Արցախ

Ազգային արժէնքներու պահպանման «Մենք» հիմնադրամը 5 տարիէ ի վեր ձեռնամուխ եղած է ճշգրտելու, յստակեցնելու, կարգաւորելու հայկական պետական խորհրդանիշերուն առկայ բացթողումները, որոնք տեղ գտած են որոշ պետական հաստատութիւններու կայքէջերուն:
Հիմնադրամին հետ կը համագործակցին նկարիչներ Կարէն Աղամեան ու Յարութիւն Սամուէլեան:
Նկարիչներու միութեան նախագահ Կարէն Աղամեան լրագրողներուն հետ հանդիպման ընթացքին մէջբերեց Քոնֆուքիոսի խօսքերը, որ աշխարհը կը կառավարեն ոչ թէ խօսքն ու օրէնքները, այլ խորհրդանշանները, իսկ Հայաստանի պարագային, մասնաւորապէս, զինանշանի պարագային շատ բան աղաւաղուած է 1991-էն ի վեր:
Ան նշեց, որ նման կոմիկական առիթ պէտք չէ ըլլայ մեր զինանշանի հայկական չորս թագաւորական տոհմերը պատկերող հատուածին վրայ:
«Առհասարակ գերբալոգիայի հիմքերը մեր երկրում բացակայում են: Կարծում եմ, որ այդ խորհուրդը, որ պէտք է որ ստեղծուի մեր իշխանական կառոյցներում, պէտք է զբաղուի ոչ միայն գերբերով, այլեւ բոլոր այն նշաններով, որոնք պետական նշանակութիւն ունեն», - նշեց Աղամեան:
Պաւել Սարգսեան առաւել յստակ ձեւակերպեց խնդիրը.  - «Մենք առաջարկել ենք դեռեւս 2010 թուականից, որպէսզի ստեղծուի պետական եւ ազգային խորհրդանշանների խորհուրդ, այսինքն գերալդիկ խորհուրդ: Գերալդիկ խորհուրդներ գործում են հիմնականում զարգացած երկրներում եւ հիմնականում՝ նախագահների աշխատակազմերին կից»:
Այսօրուայ ասուլիսի բանախօսները այս տարիների ընթացքում բազմիցս փորձել են տեղ հասցնել իրենց մտահոգութիւնները, արդիւնքի, սակայն, չեն հասել: «Մենք դիմել ենք տարբեր ատեանների՝ Կառավարութիւն, Ազգային ժողով, Նախագահի աշխատակազմ...  Պարոն Աղամեանը շատ քննարկումներ է ունեցել, վերջերս՝ նաեւ վարչապետի հետ: Բայց սայլը տեղից չի շարժւում», - փոխանցեց Սարգսեան:
«Դրանով պէտք է զբաղուի պետութիւնը: Պետութիւնը ունենում է հերալդիկ խորհուրդ...  մեր պետութիւն դեռ չունի», - ըսաւ Յարութիւն Սամուէլեանը՝ աւելցնելով, որ տարբեր ճանապարհներով, անձնական կապերու միջոցով մի քանի անգամ փորձած են հասցնել պետութեան ղեկավար այրերուն:
Ասուլիսի բանախօսները, այդուհանդերձ, լիայոյս են, որ պետական ատեանները ի վերջոյ ականջալուր կþըլլային, ու կը սկսի մասնագիտական խորհուրդի ձեւաւորման ուղղութեամբ աշխատանքը:
«Ինձ համար շատ վիրաւորական է, որ մեր զինանշանի վրայ յայտնւում է ինչ-որ ծաղրանկար...  մի դէպքում՝ առիւծի, մի դէպքում՝ արծիւի...  Եւ դա կիրառւում է: Ինձ համար, որպէս Հայաստանի քաղաքացի, որպէս հայ մարդ, խիստ վիրաւորական է, եւ ես ուզում ես սա շտկուի», - յայտարարեց Կարէն Աղամեան: