Print
Category: Հայաստան-Արցախ

Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիա Թիթիզեանի հետ զրոյցը Հայաստանի մէջ կանանց իրաւունքներու, կնոջ՝հասարակութեան մէջ ունեցած դերի մասին է

Դուք տարիներ շարունակ հանդէս էք գալիս կնոջ իրաւունքների պաշտպանութեամբ: Ըստ  ձեզ՝ ի՞նչ փոփոխութիւնների է այսօր ենթարկուել կինը եւ ո՞վ է առհասարակ կինը մեր հասարակութեան մէջ:

Արդէն տասը տարի է՝ ապրում եմ Հայաստանում: Մինչ Հայաստան տեղափոխուելը ինձ այդ հարցը չէի տուել՝ ո՞վ է հայ կինը: Առհասարակ կինը հետաքրքիր կերպար է, առաւել եւս՝ հայ կինը: Եւ երբ ապրեցի այս հասարակութիւնում, ականատես եղայ արմատացած կարծրատիպերի, միւս կողմից՝ տեսայ, որ հայ կինն այնքան խելացի է, այնքան ունակ, այնքան հնարաւորութիւններ ունի, բայց ինչ-որ պատճառներով չէր կարողանում արտայայտուէր: Եւ քանի որ իմ հետաքրքրութիւնը քաղաքական ոլորտում էր, նկատում էի, որ կանայք չկային քաղաքականութեան մէջ, որոշում կայացնող մարմիններում, իսկ ովքեր էլ կային (ցաւոք սրտի, քանի որ խաղի կանոնները ստեղծել են տղամարդիկ), որպէսզի համակերպուեն այս միջավայրին, փորձում էին տղամարդկանց նման լինել, կանացիութիւն չէր մնացել, եւ առհասարակ կնոջ ձայնը, մտքերը, գաղափարները չէին լսւում, եւ նոյնիսկ շատ բնագաւառներում, կը լինի առողջապահութիւն թէ կրթութիւն, որտեղ թւում է, թէ կանայք շատ պէտք է լինեն, պարզւում է՝ ընդհանրապէս բացակայում էին:

Տասը տարուայ ընթացքում առաջընթաց նկատո՞ւմ էք այս առումով:

Արդէն շօշափելի արդիւնք զգում եմ, մանաւանդ՝ նոր սերնդի աղջիկների մէջ: Հայ երիտասարդ աղջիկն այսօր շատ առաջադէմ է, եւ ուզում է իր ուսումը շարունակել ոչ իբրեւ օժիտի բաղադրիչ, այլ իսկապէս փորձում է իր դիպլոմը գործնական դարձնել: Ու թէեւ իր արտաքինով եւ ներքինով սկսել է փոխուել կինը, բայց խաղի կանոնները մնացել են նոյնը, հին աւանդոյթները, մեր մշակութային ըմբռնումները մնացել են, մեծ հաշուով, նոյնը, բայց զգում եմ՝ մի երկու քայլ առաջ գնացել ենք:

Դուք նշեցիք, որ մեզանում աւանդոյթները նոյնութեամբ պահպանւում են, մի քանի տարի առաջ ֆեմինիստական նախաձեռնութիւնները տարան կարմիր խնձորը թաղեցին՝ ընդվզելով հին աւանդոյթների դէմ: Արդեօ՞ք կարող ենք այդ ճանապարհով աւանդոյթներ ջարդել:

Իմ կեանքում մի բան եմ սովորել՝ եթէ փորձես ինչ-որ բան ջարդել, կարող է հակառակ ազդեցութիւն ունենալ: Կարծում եմ՝ այս գործընթացը երկար տարիների ճանապարհ է պահանջում, պահանջում է իրազեկում, կրթութիւն, տեղեկատուութիւն եւ այլն: Ես ինքս շատ դէմ եմ այդ «կարմիր խնձորի» գաղափարին, ինձ համար դա ուղղակի անընդունելի է, բայց ես յարգում եմ այդ աւանդոյթը, քանի որ դա ինչ-որ տեղ կայ: Հիմա պէտք է որոնենք ճանապարհներ՝ ինչպէս փոխենք աւանդոյթը: Մենք այսօր շատ յաճախ վախենում ենք խօսել կուսութեան մասին, իսկ ո՞վ ասաց, որ տղան չպէտք է կոյս լինի, պէտք է փաստենք, որ աղջիկը կոյս է համարւում անգամ այն դէպքում, երբ գիտենք կոյս չէ: Սա հոգեբանական ծանր վիճակ է, ինքնախաբէութիւն, մենք անկեղծ չենք մեզ հետ, մեր հասարակութեան, անգամ մեր ընտանիքի հետ: Արդիւնքում՝ աւանդոյթը ձեւականօրէն պահում ենք, բայց մենք անում ենք այն, ինչ պէտք է անենք: Փորձում ենք իրականութիւնը քողարկել աւանդոյթի ներքոյ: Աւանդոյթը սահմանափակում է առողջ մի-ջավայրի ձեւաւորումը:

Մեր աւանդոյթները թարմացուելո՞ւ, նորացուելո՞ւ կարիք ունեն:

Ես միշտ զգոյշ եմ արտայայտւում, քանի որ չեմ ուզում այն տպաւորութիւնը թողնել, որ մեր աւանդոյթները լաւը չեն, որ մենք դրանք պէտք է մոռանանք, գնանք դէպի արեւմուտք, բոլորովին... պէտք է յարգենք մեր անցեալը, պէտք է ճանաչենք մեր ներկան եւ պէտք է իմանանք՝ ինչպէս պէտք է առաջ գնալ, որ կարողանանք կառուցել առողջ հասարակութիւն, առողջ սերունդ: Չէ՞ որ կինը պէտք է, ի վերջոյ, առողջ սերունդ դաստիարակի, բայց երբ կինը ազատ չէ արտահայտուելու, երբ հոգեպէս ազատ չէ, ինչպէս կարող է դաստիարակել առողջ սերունդ:

Առողջ սերունդ, առողջ ընտանիք ունենալու համար ի՞նչ է պէտք, կնոջ ազատութիւնը կը յանգեցնի՞, արդեօք, դրան:

Առաջին հերթին փոխադարձ յարգանք ամուսինների միջեւ: Ես միշտ ասում եմ՝ կինը եւ տղամարդը տարբեր են, բայց հաւասար են: Եւ եթէ ես չյարգեմ իմ ամուսնուն, իմ ամուսինն էլ ինձ չյարգի, իրար հետ չքննարկենք երեխաների դաստիարակութիւնը, թէ ինչպէս պէտք է կառավարենք մեր կեանքը, կինը իրաւունք ունի լինել այդ ամէնին մասնակից: Պէտք է հայ կինն ունենայ ազատ ընտրելու իրաւունք: Կինը պէտք է կառուցի այն կեանքը, որն ինքն է ուզում եւ պատկերացնում իր ամուսնու հետ: Եթէ այսօր հայ տղամարդը ուզում է, որ կինը մնայ խոհանոցում, երեխաներով զբաղուի, կինը այդպէս կը մնայ անխնամ, աշխարհից անտեղեակ եւ կը դառնայ շատ անհետաքրքիր: Միեւնոյն ժամանակ, կինը պէտք է ունենայ ընտրութեան ազատութիւն: Իսկ ընտանիքը միակ ճանապարհն էր պահպանելու մեր ինքնագիտակցութիւնը, հայ ընտանիքն էր, որ պահեց ինքնութիւնը, հայ համայնքը: Իսկ կնոջ համար աշխարհի ամենամեծ ժառանգութիւնը, հարստութիւնն իր երեխաներն են: Պէտք է կարողանալ համատեղել ՝ ե՛ւ լաւ մայր, ե՛ւ լաւ կին, ե՛ւ լաւ քաղաքական գործիչ լինելը: Իսկ այս ամէնի գաղտնիքն է ունենալ ամուսին, որը չի սահմանափակի քո ազատութիւնները:

Սփիւռքում հայ կինն ի՞նչ դեր ունի, արդեօ՞ք տեղի աւանդոյթները պահւում են նաեւ այնտեղ:

Անցեալ տարի ինձ Միացեալ Նահանգներ հրաւիրեցին, մասնակցեցի մի գիտաժողովի՝ «Հայ կնոջ դերը վերջին տարիների ընթացքում», բաւականին ուսումնասիրեցի: 19-րդ դարի ազգային-ազատագրական շարժման մէջ հայ կինը շատ մեծ դեր է ունեցել, ու թէեւ պատերազմի դաշտում չի եղել, բայց միշտ պատուար է եղել: Եւ տղամարդը իրեն ընդունել է որպէս իրեն հաւասարի, բայց երբ Հայաստանը կորցրեց իր անկախութիւնը, սփիւռք ստեղծուեց, եւ հայապահպանման գաղափարախօսութիւնը ներդրուեց մեր համայնքներում, հայ կինը դարձաւ հայապահպանման առաջին կրողը եւ առաջ տանողը: Երբ յեղափոխական շարժումը վերջացաւ, ինքը վերադարձաւ իր աւանդական դերին:

Ստացւում է՝ կինը ռեգրես ապրեց:

Միջին Արեւելքում հայ կինը ուրիշ էր, Հիւսիսային Ամերիկայում՝ ուրիշ: Ասեմ, որ երբ 60-ականներին ֆեմինիստական շարժումը սկսուեց, արդէն որպէս 70-ականների սերունդ, որպէս այդ շարժման արդիւնք, մենք մեզ ազատագրուած էինք զգում, մենք մեզ շատ լաւ էինք զգում, բայց հայ կինը հայ համայնքում դարձեալ դերակատար չդարձաւ: Սփիւռքում ապրող հայ կինը համայնքային կեանքում չի կարող դեր ունենալ, միշտ տղամարդիկ են բարձրագոյն մարմիններում: Ես երիտասարդ աղջիկներին ասում եմ՝ եթէ դուք ուզում էք քաղաքական գործիչ լինել, կարիք չկայ հրաժարուել ձեր կանացիութիւնից, կանացի լինելը ուժ է, ուժը միշտ վերցնում է: Կինը պէտք է ունենա ինքնավստահութիւն, հասարակութեան կողմից աջակցութիւն, իր ընտանիքի եւ իր շրջապատի աջակցութիւնը, որ կարողանայ յաջողել, բայց ամենակարեւորը՝ կինն ինքը պէտք է որոշի, որ այդ ուժն ունի եւ պէտք է դրականօրէն գործադրի այդ ուժը:

Վերջերս առաջ քաշուեց կանանց՝ խորհրդարանում 30 տոկոս ձայն ունենալու օրինագիծը, որն, ըստ էութեան, մերժուեց: Ինչո՞ւ:

Այո, Լիլիթ Գալստեանը ներկայացրեց այդ փոփոխութիւնը, ոչ միայն 30 տոկոսը կանայք պէտք է խորհրդարանում տեղ զբաղեցնեն, այլ ամէն չորրորդը: Եւ այն դէպքում, երբ կինը վայր է դնում իր մանդատը, նրան յաջորդում է էլի  կին, այնպիսի կանայք կը լինեն, որոնք չեն վախենայ խօսելուց: Ինձ համար հետաքրքիր էր եւ ողջունելի, որ Լիլիթ Գալստեանն իր մէջ այդ ուժն ունէր խօսելու հէնց այդ հարցի մասին, քանի որ Ազգային ժողովում ընդհանրապէս չեն ուզում խօսել կանանց հարցերի մասին: Սա շատերին դուր չի գալիս, սակայն մենք սրան պէտք է որպէս ժամանակաւոր միջոց նայենք: Ցաւոք, այս առաջարկութիւնը չընդունուեց:


«Առաջին լրատուական»