Ս.թ. Հոկտեմբերի 10-12-ը Երեւանում անցկացուել է «Զինուորական բժշկութեան արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողով, ուր նորաստեղծ Զինուորական բժիշկների հայկական ասոցիացիայի հրաւէրով հիւրընկալուել են նաեւ օտարերկրեայ Զինուած Ուժերի եւ գիտական կառոյցների ներկայացուցիչներ:
Ի թիւս Ռուսաստանի, ԱՄՆ, Գերմանիայի եւ Ֆրանսայի զինուորական բժիշկների՝ գիտաժողովին մասնակցել է նաեւ Յունաստանի ԶՈՒ պատուիրակութիւնն հետեւեալ կազմով՝ պահեստազօրի բրիգադի գեներալ, դ-ր Իոաննիս Գալատաս, Ռազմաօդային Ուժերի բժշկական ծառայութեան փոխգնդապետներ Անաստասիոս Գույումջեան եւ Ալեքսանդրա Կարվունիարի:
Գիտաժողովի ընթացքում յունական պատուիրակութեան անդամներն հանդէս են եկել ելոյթներով եւ գնահատականներով, մասնաւորապէս ռադիոլոգիական, քիմիական եւ կենսաբանական պաշտպանութեան կազմակերպման մասին բացառիկ զեկոյց է ունեցել բր. գեներալ դ-ր Գալատասը, ինչը ներկաների կողմից ընդունուել է առանձնայատուկ հետաքրքրութեամբ:
Այնուհետեւ հիւրերը ներկայ են գտնուել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայութեան եւ Արտակարգ իրավիճակների նախարարութեան համատեղ մարտավարական-մասնագիտական զօրավարժութեանը, «Հակադիվերսիոն գործողութիւնների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով:
Վարժանքի արդիւնքների ամփոփումից յետոյ հիւրերն ընդունուել են ՀՀ պաշտպանութեան նախարարի կողմից: Մտքերի փոխանակման ընթացքում կարեւորուել է արտերկրի գործընկերների մասնակցութիւնը, ինչպէս նաեւ քննարկուել են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայութեան եւ արտերկրի գործընկերների միջեւ համագործակցութեան հեռանկարները:
Մշակութային ծրագրի շրջանակներում յունական պատուիրակութիւնն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի ցեղասպանութեան համալիր եւ թանգարան, հիւրընկալուել Մատենադարանում, Գառնիում եւ Գեղարդում, ինչպէս նաեւ ներկայ գտնուել Երեւանի հիմնադրման 2796-ամեակի բացառիկ տօնակատաութեանը:
13.10.2014թ. պատուիրակութիւնը վերադարձել է Աթէնք:
Յունաստանում եւ Կիպրոսում
ՀՀ ռազմական կցորդութիւն