Print
Category: Հայաստան-Արցախ

ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը Օգոստոս 6-ին ՊՆ վարչական համալիրէն ներս հանդիպում ունեցաւ լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն հետ:

Պաշտպանութեան նախարարը նշեց, որ նախորդ շաբաթուայ ընթացքին հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, յատուկ ստորաբաժանումներու յարձակողական խումբերով մի քանի յարձակում իրականացուցած է մարտական հերթապահութիւն իրականացնող հայկական դիրքերուն ուղղութեամբ եւ ատրպէյճանական զինուած ուժերը կը շարունակեն հայկական ուժերու դիրքեր ներթափանցելու եւ դիվերսիոն գործողութիւններ իրականացնելու փորձերը, ինչպէս նաեւ հայկական ուժերու եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծութիւնները՝ տարբեր տրամաչափի զէնքերով.
«ՀՀ պաշտպանութեան նախարարութեան, զինուած ուժերի գլխաւոր շտաբի անձնակազմի եւ անձամբ իմ անունից խորապէս ցաւակցում եմ զոհուածների հարազատներին եւ մտերիմներին: Իհարկէ, ոչ մի սփոփիչ խօսք չի կարող ամոքել հայրենիքի ծառայութեան ժամանակ զոհուածների ծնողների ու հարազատների ցաւն ու կսկիծը, հաւասարութեան ոչ մի նշան չի կարող դրուել կարեկցանքի եւ անդառնալի վշտից յորդած արցունքների միջեւ: Բայց եւ հաւատացէք՝ իւրաքանչիւր զինծառայող նաեւ իմ որդին է, իմ կրտսեր եղբայրը, եւ այս դժուար պահին ինչպէս դուք, այնպէս էլ ես կարեկցանքի եւ յատկապէս հասարակութեան աջակցութեան կարիքն ունենք »:
Նախարարը կոչ ուղղեց, որ չկորսնցնենք մեր սթափութիւնը, չթուլացնենք մեր զգօնութիւնը, չմոռնանք, որ մենք դեռ եւս կ'ապրինք զինադադարի պայմաններու մէջ. «Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը փորձ արեց կրկին ստուգելու հայի ոգու ամրութիւնը, բայց նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր զինուած ուժերը համալրուած են յաղթանակած բանակի այն հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում անկախ պետութիւնում ծնուած հայրենիքի արժանի որդիներին»:
Նախարարը տեղեկացուց, որ վերջին մի քանի օրերուն մեր ստորաբաժանումները կանխած են հակառակորդի մի քանի տասնեակ յարձակում, որոնք բնականաբար կ'իրականացւուին իրենց յատուկ պատրաստութիւն անցած ստորաբաժանումներու միջոցով. «Ես ներկայացնում եմ մեր հրամանատարների եւ զինուորական ծառայութիւն իրականացնող բոլոր տղաների գործունէութիւնը, որի վկան էք բոլորդ: Մենք չենք կարող հասարակական կարծիքի ճնշման տակ բացայայտել մարտական խնդիրները, շատ փաստեր կան, որոնք ամբողջովին պարզ չեն, բայց դրանք էլ կարճ ժամանակ անց կը պարզուեն: Գիտակցէք, որ այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի տղաները, որոնք մարտընչում են բոլորիս խաղաղ կեանքի համար:Իսկ այն զինուորներն ու սպաները, ովքեր իրենց գլուխը հողին դրեցին յանուն հայրենիքի, նրանք մեր հաղթանակների պահապաններն են, մենք նրանց չենք կորցրել, այլ գտել ենք, գտել ենք մեր հասարակութեան իրական հերոսներին, որոնց անունները պէտք է հնչեն ամէնուր՝ դպրոցներում ու համալսարաններում»: