Print
Category: Հայաստան-Արցախ

Լրացաւ Յովիկ Աբրահամեանի կառավարութեան հարիւր օրը: Եռամսեայ կառավարման ընթացքում վարչապետը չկարողացաւ դրական փոփոխութիւն կատարել երկրի սոցիալ-տնտեսական համակարգում։

Յովիկ Աբրահամեանի ձեւաւորած կառավարութիւնն ու որդեգրած քաղաքական կուրսը շարունակեցին խորացնել նախկին կառավարութեան ստեղծած խնդիրները: Վարչապետ նշանակուելուց յետոյ Աբրահամեանը յայտարարեց, թէ պայքարելու է ստուերի դէմ՝ ստեղծելով առողջ մրցակցային միջավայր: Ի սկզբանէ, Աբրահամեանի՝ առողջ մրցակցային միջավայր ստեղծելու ցանկութիւնը դատապարտուած էր ձախողման այն պարզ պատճառով, որ տնտեսութեան առիւծի բաժինն անմիջապէս տնօրինւում է Սերժ Սարգսեանի, հէնց իր՝ Յովիկ Աբրահամեանի ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրեանի կողմից:
Բացի մրցակցային միջավայր ստեղծելու խոստումից՝ Աբրահամեանը խոստացաւ լուծել կուտակային կենսաթոշակների մասին օրէնքի պարտադիր բաղադրիչի հարցը՝ յայտարարելով, որ ինքը կողմ է պարտադիր, բայց ոչ պարտադրուած սկզբունքին: Աբրահամեանը պահեց խոստումը, եւ խորհրդարանն արտահերթ նիստով ու խայտառակ քուէարկութեամբ ընդունեց կուտակայինի մասին նոր օրէնքը, որը, սակայն, նախորդից տարբերւեց ընդամէնը տերմինաբանութեամբ, այսինքն՝ պարտադիր բաղադրիչը դարձաւ հարկատեսակ՝ ստանալով նպատակային վճարի տեսք:
Աբրահամեանի կառավարութիւնն այս կարճ ժամանակաշրջանում աչքի ընկաւ նաեւ իշխանութեան մերձաւորներին հարկային արտօնութիւններ տրամադրելով. ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Սամվէլ Ալեքսանեանին պատկանող «Ա-Գ» ընկերութեան եւ Սերժ Սարգսեանի գխաւոր խորհըրդական Արամ Ղարիբեանին ու նրա եղբօր՝ Աբել Ղարիբեանին պատկանող «Արմեանսկիյ ուրաժայ» ընկերութեանը կառավարութիւնը տուեց հարկային արտօնութիւններ: Նման քաղաքականութեան պարագայում աւելորդ է նշել, որ մրցակցային տնտեսութիւն ստեղծելու մասին Աբրահամեանի հաւաստիացումներն անգամ զաւեշտալի չեն:
Աբրահամեանի կառավարութեան հարիւր-օրեայ ժամանակաշրջանի յաջորդ ձախողումը Պետական եկամուտների կոմիտէի եւ ֆինանսների նախարարութեան միաւորումն էր մէկ մեգանախարարութիւնում, որի ղեկավար նշանակուեց ֆինանսական մեծ ռեսուրսներ ու շահեր ունեցող Գագիկ Խաչատրեան:
Կառավարութեան հարիւրօրեայ քաղաքականութիւնը ցոյց տուեց, որ ո՛չ Գագիկ Խաչատրեանը, ո՛չ Յովիկ Աբրահամեանը, ո՛չ էլ յատկապէս Սերժ Սարգսեանը շահագրգռուած չեն երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելում: Նրանք օգտագործել ու շարունակելու են օգտագործել իշխանութիւնը՝ սեփական բիզնես շահերը սպասարկելու համար:
Ստանձնելով վարչապետի պաշտօնը՝ Աբրահամեանը խոստացաւ բարձրացնել երկրում քաղաքացու բարեկեցութիւնը, սակայն նրա կառավարման շրջանում վերանայուեց եւ նուազեցուեց տնտեսական աճի տեմպերը: Աւելին՝ Արժոյթի միջազգային հիմնադրամը յայտարարեց, որ իշխանութիւնները ոչ միայն չեն կարողանայ ապահովել թիրախային 5 տոկոս աճը, այլեւ տնտեսական աճը ցածր կը լինի ԱՄՀ-ի կանխատեսած 4.3 տոկոսից:
Այս ամէնից բացի, վարչապետ Յովիկ Աբրահամեանը իր պաշտօնավարման ընթացքում համատեղութեան կարգով փորձեց ստանձնել նաեւ Սերժ Սարգսեանի ոչ պաշտօնական մամլոյ խօսնակի դերը: Նա հասցրեց պատասխանել Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի ու Գագիկ Ծառուկեանի՝ Սերժ Սարգսեանի քաղաքականութեանն ուղղուած քննադատութիւններին: Սա թերեւս մի- ակ ոլորտն է, որտեղ Յովիկ Աբրահամեանը գրանցեց լուրջ յաջողութիւն եւ կարողացաւ գերազանցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանին:

Արմէն Գրիգորեան - civilnet