Print
Category: Հարցազրոյցներ


Նրան տրուած էր կերտելու հայոց հանճարների կերպար - պատկերները, ամբողջացնելու սեփական ազգի
 պատմութեան ոսկէ դարը եւ լցնելու այն մեծ վիհը, որ հայ  գեղարուեստում մնացել էր անդէմ ու անշօշափելի…

 Սայաթ Նովայի դիմանկարի ստեղծման նախնական գծանկարները ցոյց կուտան Հրաչեայ Ռուխկեանի մտայղացման յաջորդական քայլերը


 ՀՐԱՉԵԱՅ ՌՈՒԽԿԵԱՆ… հանճարաց նաղաշը, ում ձեռքով ստեղծուեցին հայոց պատմիչների դիմանկարները, նրա ամենայայտնի ու անմահ ստեղծագործութիւններից մէկը եղաւ ու մնաց Սայաթ Նովան: Անմահ աշուղի, երգչի ու սիրերգուի կերպարը, միակն ու անկրկնելին մնաց, ընդունուածն ու սիրելին ժողովրդի կողմից, մեծ տարածում ստացած համոզիչ դիմանըկար… Ժամանակների բիրտ հրամայականների արդիւնքում, եթէ հայ մանուկն ու պատանին մնացին անհաղորդ՝ իրենց գեղարուեստի մեծերի անուններին ու նրանց ստեղծագործութիւններին, ապա ռուխկեանական վրձնի սքանչելի դիմանկարները նրան ծանօթ են հաստատապէս, դպրոցական դասագրքերից ու ստենդներից՝ ուր ամէն օր հայեացք - հայեացքի հանդիպել են ժամանակի մեծերն ու մատաղ սերունդը…
«Ազատ Օրի» ընթերցողները ծանօթ են Հրաչեայ Ռուխկեան անուանը նրան նուիրուած «Հանճարաց նաղաշը» յօդուածից, որը բարի արձագանգների արժանացաւ: Վաստակաշատ հայ գեղանկարչին ու նրա ստեղծագործութեանը անդրադառնալու առիթ ստեղծեց նրա անմահ դիմանըկարներից ամենայարատեւն ու մնայունը՝ Սայաթ - Նովան՝  իր երեքհարիւրամեայ յոբելեանով:
Զրոյցը Հրաչեայ Ռուխկեանի դստեր՝ ՀՀ ազգային ռատիոյի «Կամուրջ» հաղորդաշարի խմբագիր՝ Անահիտ Ռուխկեանի հետ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում Սայաթ Նովայի դիմանկարի ստեղծման եւ նրա հեղինակի հարուստ կեանքից, վեր հանելով նաեւ անունն ու գործը սերունդներին կտակելու այսօրուան ուղղուած պահանջները, որոնք արժանի են պետական ուշադրութեան եւ որոշ օրէնքների վերանայման…

Սայաթնովեան շունչը ժամանակների մէջ թանձրանում է ինչպէս ազնուական գինին, նրա ակունքը, բառ ու հանգը սիրոյ ու կարօտի ազգայնացուած երանգ ունի, որը երեքհարիւրամեայ թնդութեամբ շարունակում է ապրել մեր ժողովրդի երակներում, հնչել նրա շուրթերից…Ըստ Ձեր պատմածների՝  օրօրոցի մօտ, մոր երգած քաղցրանուշ մեղեդիները գեղանկարչի մտապատկերում թողեցին մի անջնջելի կերպար, որ հետագայում պիտի դառնար մեծ աշուղի  միակ ու անկրկնելի պատկերը, տիկին Անահիտ, արդեօք Ձեր հօր՝ Հրաչեայ Ռուխկեանի ստեղծած Սայաթ - Նովան մտացածի՞ն, թէ՞ գտնուած կերպար է…
Հօրս ստեղծած «Սայաթ - Նովան» փաստացի երեւոյթ է, եթէ հաշուի առնենք մի ծանրակշիռ հանգամանք, որ մեծ աշուղի գերեզմանն անգամ չկայ եւ ստեղծել համոզիչ կերպար, ինչպիսին նա ստեղծեց՝ բաւականին պատասխանատու եւ ուսումնասիրութիւններ պահանջող աշխատանք էր: Կարծես նախախնամութեան կամքն էր, որ  Հրաչեայ Ռուխկեանը պիտի ստեղծէր մեր ազգի մեծերին, նրանցից առաջինը իհարկէ եղաւ Սայաթ - Նովան: Ընդհանրապէս որեւէ կերպար ստեղծելիս նա հաշուի էր առնում տուեալ անձի ապրած ժամանակաշրջանը, հագ ու կապի՝  տարազի նրբութիւնները, այդ ժամանակի խնդիրները, կերպարի ապրած կեանքը, նրա թողած ժառանգութիւնն ու հոգեւոր արժէքը, դրան գումարելով անշուշտ գեղանկարչի իր մեծ խոնարհումը եւ ստեղծւում էր կերպարը, որը ասես հաղորդակցւում էր դիտողի հետ: Նա  իր կտաւներում, դիմանկարների մէջ յոյզ էր դնում ու դրանով էլ նրանք դառնում էին համոզիչ,խնդիր կայ Ռուխկեանի դիմանկարներում, ազգային գաղափարախօսութիւն: Սայաթ - Նովան իր առաջնեկն էր, որին բազմաթիւ անգամ է նկարել եւ այդպիսի շարք ունի, բայց ամենայայտնին հէնց առաջինն է, որն այսօր գտնւում է Հայաստանի Ազգային Պատկերասրահում: 1945-ին, երբ պատերազմից տուն վերադարձաւ, մի օր թերթում տպագրուած մի յայտարարութիւն կարդաց, որը Սայաթ - Նովայի դիմանկարի մրցոյթի մասին էր ու անցաւ գործի: Հայրս անգիր գիտէր Սայաթ Նովայի Թիֆլիսի դաւթարը անգամ, նրա ամէն տողն ու բառը, պատահակն չէ, որ կերպարն այդքան իրական պիտի ստեղծուէր, այդքան գեղեցիկ…

Եթէ հաշուի առնենք այն փաստը, որ իր տողերում անմահ աշուղը բազմիցս այլոց արտաքին նկարագրութիւնների հետ մէկտեղ խօսում  է նաեւ իր մասին, նկարագրութիւններ անում, ուստի կարելի է համարել, որ աշուղի դիմանկարն իրօք վերծանուած է՝ հպարտ, փայլուն ճակատով, գեղեցիկ դիմագիծերով,կրակոտ հայեացքով, սիրահարուած ու տառապող ազնուական հոգու տէր մի անձ, բարոյական իր չափանիշներին դաւանող ազնիւ մի կերպար, որ ռամիկի ցաւով տառապող մէկն էր, համարձակ մէկը, նաեւ ռամիկ մէկը, որին Աստուած շնորհ էր տուել:
Ինչպէ՞ս այն ընդունեցին ժամանակի քննադատները եւ ինչպէ՞ս է այն ընկալւում հիմա ըստ Ձեզ…
Յայտնի է, որ Սայաթ - Նովան գեղեցիկ տղամարդ է եղել, ոչ բարձրահասակ, պալատական կանայք  նրան սիրահարուած էին թէ ձայնի ու մտքի եւ թէ նրա գեղեցիկ ու առնական տեսքի համար, ուստի իմաստուն ու  սիրուած աշուղ - երգիչը պէտք է, որ լինէր այնպիսին, ինչպիսին նկարներում է պատկերել հայրս: Եղիշէ Չարենցն իր տողերում այսպէս է գրում աշուղի մասին. «Քեզ միայն քո եարն է վառել, քանի եարեր վառել ես դու…»: Սա նշանակում է, որ Սայաթ - Նովան այնքան գեղեցիկ տղամարդ է եղել, որ նրանով հիացել են, գերուել են…Սիլվա Կապուտիկեանը մի առիթով հօրս ասել էր. «Հրաչ ջան, քո «Սայաթ - Նովայի» մէջ եւ թախիծ կայ եւ ժպիտ, ինչպէս Տաւինչիի «Մոնա Լիզան»: Մայիսեան Վարդատօնին, որն ամէն տարի նշւում էր Թիֆլիսում եւ հիմա արդէն փառք Աստծոյ նաեւ մեզ մօտ, հայրս ներկայ է լինում եւ այդտեղ էր նաեւ Սայաթ Նովայի ծոռան ծոռնուհին՝ Աննա անունով, ում նամանութիւնն ակնյայտ մեծ է եղել աշուղի դիմանկարի հետ, լուսանկարներ էլ կան այդ օրից մնացած: Սայաթնովագէտներն ապշահար նայել են դիմանկարին ու կենդանի ժառանգին, որոնք ասես մի  խնձոր լինէին ՝ մէջտեղից կիսած ու հիացել նկարչի գտած ու վերակենդանացրած «Սայաթ - Նովայով»: Այդքան ակընյայտ է եղել դիմային նմանութիւնը իր պապի հետ: Անգամ յայտնի մարդաբան Գերասիմովին նկարիչները մօտեցել են, հարցրել, թէ կարող է հաստատել արդե՞օք Ռուխկեանը ճիշդ է նկարել Սայաթ - Նովային: «Սկսենք նրանից, որ նախ, չկայ Սայաթ - Նովայի գերեզմանը, ուստի եւ աճիւնը, ինչի՞ մասին է խօսքը… Ռուխկեանի ստեղծած «Սայաթ - Նովան» փաստացի երեւոյթ է, այնքան համոզիչ, որ  անգամ կասկածելու տեղ չի թողնում…», - պատասխանել է անուանի մարդաբանը:  Իսկ դրամատուրգ Լիւդվիգ Միքայէլեանն ասել է. «Եթէ անգամ գտնուի Սայաթ - Նովայի իսկական պ ատկերը, երեւի թէ չընդունենք, որովհետեւ ժողովրդի մէջ ընդունուած է Ռուխկեանի «Սայաթ - Նովան»: Մրցանակաբաշխութեան ժամանակ միաձայն ընդունւում է Հրաչեայ Ռուխկեանի «Սայաթ - Նովան» ու միանգամից տարածում ստանում, սիրւում ու ընկալւում ժողովրդի կողմից…

Եթէ կերպարը յիշւում է, ուրեմն նրա մէջ հոգի կայ, ռուխկեանական Սայաթ - Նովան այդպիսինն է, որտեղ է գտնւում այսօր Սայաթ - Նովայի առաջին դիմանկարը: Որն է այդպիսի արդիւնքի հասնելու գրաւականը կերպարային գործերի ստեղծման մէջ:
Առաջին հանրաճանաչ դիմանակրը գտնւում է ազգային պատկերասրահում: Ռուխկեանը Սայաթնովեան շարք ստեղծեց, տասներկու գործ այդ թեմաներով: Շատ տարածուած ու ընդունուած է նաեւ նրա «Աշխարհս մէ փանջարա է» համանուն տողերի հիման վրայ ստեղ- ծուած նրա աշուղի դիմանկարը՝ ձեռքին կռթնած, քամանչէն գիրկը Սայաթ - Նովան, գիրքն ու վարդը առջեւը դրուած եւ երբ այդ նկարը ցուցահանդէսի ժամանակ նկատում է Մարտիրոս Սարեանը՝ մօտեցել է հօրս ու ասել. «Հրաչ ջան, քամանչէն չորս լարով է լինում, դու երեք ես նկարել…», հայրս պատասխանել էր, թէ, ներեցէք Մարտիրես Սերգէյիչ, այն ժամանակ քեամանչան երեք լարով է եղել… Այնքան խորն ու մանրազնին էր ուսումնասիրել, ազգագրական նիւթը, տարազի էլեմենտները, պատմութիւնը: Ահռելի մի նիւթ ուսումնասիրել մի կերպար ստեղծելու համար, երեւի դա է, որ այդքան իրական ու շօշափելի է դարձրել նրա ստեղծած դիմանկարները: Նա ոչ միայն Սայաթ Նովա էր պատկերել, այլ դարաշրջան, ժամանակ ու իր ժամանակի մէջ ժամանակի հանճարին, դրա համար էլ Ռուխկեանին համարում էին գեղանկարչութեան մէջ ե՛ւ նկարիչ ե՛ւ պատմաբան ե՛ւ փիլիսոփա…
Հայրս շատ հայրենասէր էր եւ անգամ դա է երեւում նրա ստեղծագործութիւններում, նրա պատմիչների շաքը՝ «Բոյլ հանճարացը» դրա վառ ապացոյցն է… Իր «Գոզալները» շարքում պատկերուած երեք աղջիկները խորհրդանըշում են երեք ազգերը՝ աջ ու ձախ կողմերում կապոյտ եւ կարմիր հագուստներով վրացուհին ու ատրպէյճանուհին են, իսկ մէջտեղում մեր արքայական ծիրանի հագուստով հայուհին է, անգամ գունային համադրութեամբ նա կարողացել է շեշտել ագային կերպարը, էութիւնը: Ազգեր են կռիւ տալիս Սայաթ-Նովային իրենցով անելու համար, առկայ՝ հզօր փաստերի վրայ անգամ աչք փակելով, իսկ այս դիմանկարի մէջ անգամ ազգային պատկանելութիւնն է շեշտուած. հա՛յ է Սայաթ -Նովան, ինչպէս որ եղել է, նայէք նրա քթին, ճակատին, ճիշդ է, կովկասեան դիմային ընդհանրութիւններ կան, բայց Սայաթ - Նովան հայ է, իր էութեամբ,որը փոխանցւում է դիտողին: Ընդհանրապէս, Ռուխկեանի դիմանկարներն հարուստ են յոյզերով, նա կարողանում էր իր ստեղծած կերպարի մէջ դնել այդ յոյզը, որն էլ հէնց դիմանկարի յաջողութեան գրաւականն է: Այդպիսին էր նաեւ նրա Մեսրոպ Մաշտոցը, իրական ու հողեղէն, որը անհասկանալի կերպով մրցանակաբաշխութեան ընթացքում չþընդունուեց, բայց տպագրուեց  Էջմիածնի հոգեւոր հանդէսի շապիկին… Նրա «Բոյլ Հանճարացը», որի Նարեկացու դիմանկարով հիացած էր Սորպոնի համալսարանի փրոֆեսոր Պիեռ Մահեն եւ ասել էր, որ  Նարեկացու մասին գիրք պիտի գրի ու շապիկն անպայման պիտի հօրս նկարած Նարեկացու դիմանկարով տպագրուի: Հայոց պատմիչների դիմանկարների շարքը տեսնելով Լուիզա Սամվէլեանն ասել էր. «Տասներկու հանճար ստեղծեց Ռուխկեանը, մոռացաւ իր մասին, մինչդեռ՝ տասներեքերորդ հանճարն ինքն էր…»:

Եթէ հաւատանք, որ ժամանակն իր գնահատակնն այնուամենայնիւ տալիս է արժանաւորներին, ուրեմն անհնար է, որ ազգը մոռանայ իր տասներեքերորդ հանճարին… Ինչն էր պատճառը, որ Հրաչեայ Ռուխկեանը աւելի շատ գրաֆիկ աշխատանքներ է ստեղծել, ինչու իւղաներկ չէ «Սայաթ - Նովան»:
Ի՞նչ կարծիք ունէք Ռուխկեանից յետոյ այլ նկարիչների կողմից ստեղծուած դիմանկարների մասին, որոնք պատկերում են յայտնի աշուղին… Վերջերս անգամ սոցիալական ցանցերում են հանդիպում նման պատկերներ, որոնք յիշեցնում են Սայաթ - Նովային…
Իւղաներկով շատ քիչ աշխատանքներ կան արուած, քանի որ հայրս կոկորդի հիւանդութիւն էր ստացել ու ինքն իր հեքիմ պապի խորհուրդներով բուժուել էր, մէկընդմիշտ հրաժարուելով իւղաներկով աշխատելուց… Ռուխկեանի «Սայաթ - Նովայից» ազդուած անւանի նկարիչներից մէկը հէնց Մինաս Աւետիսեանն է, հօրս սիրելի Մինասը, ում տաղանդը գնահատում էր եւ անգամ դէպք է եղել, որ ընդհանուր քննադատութեան ժամանակ ինքն է պաշտպանել Մինասին…
Մինասի «Սայաթ- Նովան» ռուխկեանական ազդեցութիւն ունի, այն այսօր նաեւ Երեւանի «Սայաթ - Նովա» համալիրի վրայ է դրուած, Խանջեան փողոցի վրայ է գտնւում: Բայց տնօրէնն անգամ անտեղեակ էր թէ ով է Սայաթ - Նովայի դիմանկարի հեղինակը, Ռուխկեանի անունը նրան անծանօթ էր… Ամէն մի նկարիչ իր եսն է ուզում շեշտել, թողնել իր ստեղծագործութեան շնորհիւ, բայց երբ ձեռք են զարկում մի գործի, որին ընդունել է ժողովուրդը, գոնէ յենուեն ու հաշուի նստեն հնի հետ, որպէսզի գոնէ կերպարը չաղաւաղեն… Ցաւալի է անիրազեկութիւնն ու անտեղեակութիւնը, որը երբեմն հասնում է անգրագիտութեան…
Մտաւորականներից մէկը, ում անունը չեմ ուզում բարձրաձայնել, ինձ զարմացած ասում է. «Վայ, ուրեմն Հրաչեայ Ռուխկեանն է ստեղծել Սայաթ - Նովայի դիմանկա՞րը, բա ես էլ գիտէի լուսանկարն է եղել…»: Սա արդէն չափազանց է, այդ դարում ինչ լուսանկարչութեան մասին կարող է խօսք լինել…

UNESCOի որոշումով այս տարի յոբելենական տօնակատարութիւններու կարգին ընդգրկուած է նաեւ Սայաթ - Նովայի 300-ամեակը։ Հայաստանի եւ Վրաստանի մէջ այդ յոբելեանը կը նշեն յատուկ ծրագրով մը։ Աւանդաբար, ամէն տարի, Թիֆլիսի մէջ, Մայիսի վերջին Կիրակին կը նշուի իբրեւ Սայաթ - Նովայի յիշատակի օր, «Վարդատօն» ձեռնարկով մը, որ ամբողջութեամբ կը նուիրուի աշուղական երգի ռահվիրային։

 

Տիկին Անահիտ, մեծերը յաճախ չէ, որ ունենում են արժանի զաւակներ, Ռուխկեանն այս առումով այն քիչ երջանիկներից մէկն է, յանձինս ձեր նման զաւակի, ով ամէն տարի հանրութեանն է ներկայանում ռուխկեանական գաղափարական արուեստը տեսանելի դարձնող հերթական քայլով… Ինչ նոր նախաձեռնութիւն ունէք այսօր:
Հօրս մահուան օրը նրա դիակի մօտ կանգնած երդուեցի, որ կը լուսաբանեմ նրա կեանքն ու ստեղծագործութիւնները, պարտաւորուեցի ես անել դա եւ պահում եմ խոստումս… Ստեղծեցի  «Հրաչեայ Ռուխկեան» ալպոմը, «Բոյլ Հանճարաց» շարքով օրացոյց, այնուհետեւ հօրս եկեղեցաշարքով օրացոյցը, որտեղ զետեղուեցին Վազգէն Վեհափառի պատուէրով նրա ստեղծած հարիւրքսան եկեղեցիներից, եկեղեցիներ, որոնցից շատերը չկան… 
Այս տարի Սայաթ-Նովայի շարքով տպագրուած օրացոյցն ենք պատրաստել, ուր տասներկու գործ է տպագրուած՝ նրա սայաթնովեան շարքը…
Հօրս մահից յետոյ երեք ցուցահանդէս կազմակերպեցինք: Ցաւօք այսօր մասնաւոր հաւաքածուներում են  գտնւում Ռուխկեանի գործերը, սփռուած աշխարհով մէկ: Հայրս ուզում էր, որ մի օր իր թանգարանը բացուէր իր հարազատ Գիւմրիում, բայց այդ անել այլեւս հնարաւոր չէ ու ես որոշեցի դիմել համապատասխան մարմինների՝ խնդրանքով, որ Երեւանի հանրակրթական դպրոցներից մէկը անուանակոչուի Հրաչեայ Ռուխկեանի անունով, պատրաստակամ նուիրելու այդ դպրոցին հայրիկիս արխիւը, նրա ստեղծագործութիւնների վերատպութիւնները: Բայց սկսուվել է մի տարօրինակ քաշքշուկ, Նկարիչների միութիւնում ասում են՝ միւս մեծերինն ունենանք նոր, բայց, մարդ Աստծոյ, ես ինչ գործ ունեմ միւսների հետ, թող նրանց զաւակներն էլ նման ցանկութիւն ունենան ու պատրաստակամ լինեն քայլեր անելու, ես իմ հօր համար անում եմ այդ քայլը…  Քաղաքապետարան ու կրթութեան նախարարութիւն ուղարկուած դիմումներս  էլ մէկը միւսի վրայ են գցում…

Իսկ կա՞յ համապատասխան օրէնք, որը թոյլ տայ նման նախաձեռնութիւնը իրագործել… Յայտնի փաստ է, որ Հայաստանում եւ մասնաւորապէս Երեւան քաղաքում դեռ եւս կան համարակալուած դպրոցներ, որոնք խորհրդային տարիների մնացորդներ են ասես… Ի դէպ՝ խորհրդային քաղաքական բանտերին ու ճամբարներին կից անանուն գերեզմանոցներն էլ էին համարակալւում… տխուր ու ակամայ՝  զուգահեռներ, որ խորհել է տալիս…
Պատճառաբանութիւններից մէկն էլ նա է, թէ հանրակրթական դպրոցները անուանակոչւում են միայն գրողների եւ ազատամարտիկների անուններով… Սա  ուղղակի անտրամաբանական է, միթէ միայն գրողներն են մտաւորականներ, այո, մտաւորակններն ու հերոսներն են, որ պիտի օրինակ ծառայեն սերունդ կրթելիս, նրան կենսագրութիւնը, գործը, սխրանքն ու հայրենասիրութիւնը պիտի ամենօրեայ վառ օրինակ լինեն մատաղ սերնդին, որը դպրոց գնալիս ինչ որ համարի դպրոց յաճախելու փոխարէն իմանայ ում անունն է կրում իր կրթօճախը եւ ինչ պարտաւորուածութիւն ունի ինքը վաղը իր ազգի առջեւ… Հայրենասիրութիւն նաեւ այդպէս են սերմանում:
Նամակ եմ ուղղել ՀՀ նախագահին՝ պարոն Սերժ Սարգսեանին, ով հօրս անձամբ գիտէր դեռ Արցախից, ուր հայրս մութ ու ցուրտ տարիներին այդքան մեծ գործ արեց Սօս գիւղում, ստեղծեց Սայաթ - Նովայի անուան գեղարուեստի դպրոց եւ ինքն էլ դասաւանդում էր… Մի՞թէ Ռուխկեանը հայրենասէր չէր, միթէ՞ նա եւ ազատամարտիկ չէր, եւ մտաւորական չէր… Ռուխկեանի հայրենա- սիրութեան եւ յատկապէս Արցախում  կատարած աշխատանքների մասին  կարելի է առանձին խօսել, յուսով եմ «Ազատ Օր»ի խմբագրութիւնը նման հնարաւորութիւն կ'ընձեռնի իր ընթերցողներին ծանօթանալ հայ անուանի գեղանկարիչներից մէկի անձին ու գործունէութեանը, որը մեծ ու օրինակելի ժառանգութիւն է թողել, իր տեսքն ու աւանդն ամրագրելով հայ գեղարուեստի պատմութեան մէջ իր գաղափարական հիմնքարային ստեղծագործութիւններով, որոնք ասես կենդանացրեցին դարերի մէջ մեր իրական դիմանկարը, մեր պատմութիւնը…

Կարծում եմ, կրկին զրուցելու առիթ կþընձեռուի, քանի որ Արցախեան գործունէութիւնը յիշատակման կարիք ունի նաեւ որպէս օրինակ այսօրուայ գեղանկարիչների եւ առհասարակ մշակոյթի անհատների  համար:
Տիկին Անահիտ, այսօր Ռուխկեանական գեները շարունակւում ե՞ն…
Այո, այսօր իմ դստեր որդին՝ Արեգն է նկարում, սովորում է «Հայորդաց տանը», բաւականին խոստումնալից ապագայ է սպասւում: Ես պատուիրել եմ, որ երբ մեծ նկարիչ դառնայ՝ անպայման իր ազգանուան կողքին աւելացնի  Ռուխկեան ազգանունը եւս… 

Շնորհակալութիւն զրոյցի համար, յուսանք, որ մեր ընթերցողը այլ մանրամասներ եւս կը կարդայ մեր հետագայ համարներում՝ Հրաչեայ Ռուխկեան հայի, գեղանկարչի, հայրենասէր անհատի մասին…

Արմինէ Մելիք - Իսրայէլեան
արուեստաբան
Յատուկ՝ «Ազատ Օր»ին համար
Երեւան- Աթէնք