Print
Category: Հարցազրոյցներ

Կազանի հանդիպումից առաջ փորձագիտական, նոյնիսկ իշխանական շրջանակներում յոյսեր կային, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուր որ է պէտք է ստորագրեն, ընդունեն (ինչ որ)  առաջարկներ: Բայց դա տեղի չունեցաւ:  Հանդիպման այդ արդիւնքը Ձեզ համար սպասելի՞ էր:

Մենք բոլոր հանդիպումներից՝ լինի դա վերջին, լինի նախկին, գրեթէ միատեսակ ակնկալիքներ ենք ունենում, որովհետեւ մենք յուսով ենք, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կը գան համաձայնութեան, որի շնորհիւ Արցախը կը շարունակի իր մասնակցութիււնը բանակցային գործընթացում: Մենք բազմիցս յայտարարել ենք, որ ողջունում ենք միջազգային հանրութեան ջանքերը արցախեան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգաւորելուն ուղղուած: Եւ բացառութիւն չէր Կազանի հանդիպումը: Այդ նոյն ակնկալիքն ունէինք: Եւ այս պահի դրութեամբ, որոշակի բաւարարուածութիւն ունենք եւ յատկապէս, որ Միսնկի խմբի համանախագահներն իրենց յայտարարութիւններում նշում են, որ վերջնական կարգաւորումը առանց Արցախի հանրապետութեան մասնակցութեան անհնարին կը լինի: Եւ մենք սպասում էինք, որ վերջին հանդիպման ժամանակ աւելի ստոյգ պայմանաւորուածութիւններ ձեռք կը բերուեն հէնց Արցախի մասնակցութիւնը բանակցային գործընթացում ապահովելու համար: Մենք ունենք որոշակի տեղեկութիւններ վերջին հանդիպման մասին, եւ ինչպէս յաճախակի էր լինում, դժբախտաբար, այս վերջին հանդիպման ժամանակ եւս Ադրբեջանը ցուցաբերեց մի կեցուածք, որը չնպաստեց այդ բանակցութիւնները լիարժէք ձեւաչափին մօտեցնելուն: Բայց մէկ է, մենք մնում ենք մեր յոյսին եւ կարծում ենք, որ կը գայ այդ օրը, երբ կը մասնակցենք բանակցային գործընթացին:


Իսկ եթէ Ադրբեջանը ցուցաբերէր կառուցողական կեցուածք եւ Կազանում ստորագրէր առաջարկուող փաստաթուղթը: Դա ենթադրում է նաեւ տարածքների վերադարձ: Համաձա՞յն էք այդ ամէնի հետ:

Քանի որ համանախագահները փաստում են, որ առանց ԼՂի դժուար է որեւէ վերջնական համաձայնութիւն ձեռք բերել, դա նշանակում է, որ ցանկացած որոշում միայն ու միայն պիտի ընդունուի Արցախի մասնակցութեամբ: Մենք ակնկալում ենք, որ սկզբնական փուլում կը վերականգնուի բանակցային ձեւաչափը, որտեղ Արցախը հնարաւորութիւն կÿունենայ մասնակցելու, որտեղ էլ մենք կ՛արտայայտենք մեր տեսակէտը: Մենք հեռու ենք այս պահի դրութեամբ որոշումների ընդունման փուլից: Մենք գտնւում ենք մի փուլում, որտեղ ՀՀն լուրջ ջանքեր է գործադրում, որպէսզի Արցախը բանակցութիւնների մասնակից դառնայ: Մենք միշտ նշում ենք, որ Ադրբեջանի հետ պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց: Եւ տայ Աստուած, որ գայ այդ ժամանակը: Այնպէս որ, այս պահի դրութեամբ ցանկացած պայմանաւորուածութիւն կրում է միջանկեալ բնոյթ:


Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կը լինեն բանակցային գործընթացում, ի՞նչ քայլեր էք ակընկալում միջնորդ երկրներից:

Մենք խորապէս համոզուած ենք, որ միջնորդ երկրները անկեղծ են իրենց դրսեւորումների մէջ: Եւ այս տարիների ընթացքում մենք համոզուել ենք, որ միջազգային հանրութիւնը եւ յատկապէս համանախագահները կատարում են աշխատանք, որն ուղղուած է այս յարաբերական խաղաղութիւնը ապահովելուն եւ վերջնական խաղաղութիւն ձեռք բերելուն: Ընդհանրապէս չենք թաքցնում, որ այս իրավիճակը, այս յարաբերական խաղաղութիւնը ձեռք է բերուել նաեւ համանախագահող երկների շնորհիւ, ինչի համար, կարծում եմ, թէ՛ հայկական կողմը, թէ՛ Ադրբեջանը շնորհակալ պէտք է լինեն, որովհետեւ այս յարաբերական խաղաղութիւնը շատ-շատ անգամ գերադասելի է, քան ցանկացած պատերազմական գործողութիւն: Եւ կարծում եմ, որ համանախագահները շարունակելու են իրենց ջանքերը եւ որոշակի լրացուցիչ աշխատանքներ են իրականացնելու այս իրավիճակը պահպանելու ուղղութեամբ:


Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթղթի ստորագրում մօտ ապագայում՝ մօտակայ ամիսներին, հնարաւոր համարո՞ւմ էք:

Այս վերջին տարիներին մենք բոլորս հնարաւորութիւն ենք ունեցել համոզուելու, որ հայկական կողմը, իր պատասխանատուութիւնից միջազգային հանրութեան առջեւ եւ իր շահագրգռուածութիւնից ելնելով, փորձում է ամէն ձեւի կառուցողական կեցուածք դրսեւորել՝ նպաստելով խաղաղ գործընթացի ե՛ւ պահպանմանը, ե՛ւ այդ գործընթացը տրամաբանական աւարտին հասցնելուն: Դժբախտաբար, մենք այսօր ունենք՝ ի դէմս Ադրբեջանի, մի մասնակից բանակցային գործընթացում, որը չի դադարեցնում իր ոչ կառուցողական կեցուածքը, քայլերը այդ բանակցութիւններում, ինչը, ըստ մեզ, հիմնական խոչընդոտն է հանդիսանում ամբողջ այդ գործընթացում: Այդ կեցուածքին գումարուել են նաեւ ռազմատենչ յայտարարութիւնները, եւ այդ քաղաքականութիւնը չի տեղաւորւում միջազգային հանրութեան կողմից ձեռնարկուած քայլերի շրջանակներում: Հետեւաբար այդպիսի մօտեցումը եւ այդպիսի մասնակցութիւնը հիմնական պատնէշն է: Եւ մենք կոչ ենք անում համանախագահներին եւ միջազգային հանրութեանը իր վերաբերմունքը փոխել Ադրբեջանի նկատմամբ եւ, ինչու չէ, անհրաժեշտութեան դէպքում պարտադրողական քայլերի հրաւիրել, որը եւ կը նպաստի թէկուզ եւ այս խանգարուած ձեւաչափով բանակցութիւնների շարունակութեանը: Այս փուլում Ադրբեջանին պէտք է հրաւիրել աւելի զուսպ քաղաքական մշակոյթ ցուցաբերելու:


Որքանո՞վ են լուրջ ադրբեջանական սպառնալիքները, որոնք աւելի յաճախակի են դառնում: ԼՂ ղեկավարութեանը մտահոգո՞ւմ են այդ սպառնալիքները:

Դա պիտի մտահոգի ոչ միայն Արցախի հանրապետութեան, Արցախի ժողովրդին: Այդ սպառնալիքները իրենց բնոյթով միայն Արցախի անվտանգութեանը կամ միայն հայկական կողմին չեն ուղղուած: Դրանք կրում են ահաբեկչական բնոյթ: Իսկ եթէ դա ահաբեկչութիւն է, ուրեմն պէտք է մտահոգի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այդ առումով ես գտնում եմ, որ այդ սպառնալիքները հաւասարաչափ վերաբերում են թէ՛ Արցախին, թէ՛ հայկական կողմին, այնպէս էլ միջազգային հանրութեանը: Ամէն օր Ադրբեջանի քաղաքական իշխանութիւնները հանդէս են գալիս սպառնալիքներով, եւ դրանք ուղեկցուած են միլիտարիստական (ռազմապաշտ) կոնկրետ (յստակ) քայլերով, եւ մենք մտահոգուած ենք եւ մեզ պէս պէտք է մտահոգուի նաեւ միջազգային հանրութիւնը: Այդպիսի քաղաքականութեան շրջանակներում մենք պարտաւոր ենք հաշուի առնել եւ չբացառել, որ Ադրբեջանը կարող է մի օր այդ խօսքերից գործի անցնել:
Հետեւաբար մենք կառուցում ենք մեր աշխատանքները՝ ելնելով այդ իրողութիւնից:


Պատերազմի սցենարին (այստեղ՝ պարագային) լիովին պատրա՞ստ էք:

Իհարկէ: Այստեղ մեր դէպքում որեւէ արտառոց պահուածք չենք ընդունում: Մենք, խորապէս համոզուած լինելով, որ այս հարցը պէտք է կարգաւորուի խաղաղ պայմաններում, միեւնոյն ժամանակ պարտաւոր ենք մտածել՝ հաշւի առնելով մեր հարեւանի պահուածքը, նրանց կողմից հնչեցուած յայտարարութիւնները: Պարտաւոր ենք նաեւ ապահովել մեր երկրի անվտանգութիւնը, որպէսզի մեր երկրի բնակչութիւնը ի վիճակի լինի այդ յարաբերական խաղաղութեան պայմաններում իրենց առօրեան կազմակերպելու:


Փորձագիտական շրջանակներում գնալով աւելի է ամրապնդւում, տարածւում այն տեսակէտը, որ պատերազմի հաւանականութիւնը գնալով աճում է: Դուք կիսո՞ւմ էք այդ կարծիքը:

Այդ փորձագէտները հէնց հիմք ենք ընդունում Ադրբեջանի կողմից իրականացուած քաղաքականութիւնը: Եթէ մի երկրում ամէն օր ասում են, որ եթէ ոչ այսօր, ապա վաղը մենք այդ հարցը լուծելու ենք զէնքի ուժով, ապա այդ փորձագէտները իրաւունք ունեն այդպիսի եզրակացութիւն անելու:
Մենք լրջագոյն աշխատանքներ ենք իրականացնում, որպէսզի խուսափենք հաւանական պատերազմական գործողութիւններից: Ես համարում եմ, որ այս հակամարտութիւնը սահմանափակուած չէ միայն Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի հետաքրքրութիւններով: Այսօրուայ քաղաքակիրթ աշխարհը ունի իր պահանջները յատկապէս մեր տարածաշրջանում: Ես դիտում եմ մեր գործունէութիւնը ոչ թէ այդ ծայրայեղ քաղաքականութեան մէջ, այլ ընդհակառակը՝ մենք ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի նուազեցնենք ստեղծուած լարուածութիւնը եւ փորձենք աւելի ուրիշ գործիքներ գործադրելով մօտենանք մեր յարաբերութիւնների պարզելուն:


Ձեր գնահատականը քննարկուող փաստաթղթին:

ՀՀ ղեկավարութիւնը բազմիցս յայտարարել է, որ այդ եւ մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար: Հետեւաբար մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկութիւն, որը հիմք է բանակցելու համար: Եւ մենք գտնում ենք, որ այսօրուայ փաստաթուղթը՝ եթէ հնարաւորութիւն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժուել: Եթէ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկուել է մի փաստթաթուղթ, այսօր խօսւում է Մադրիդեան փաստաթղթի մասին, որը հնարաւորութիւն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնութիւնը: Եւ բազմիցս ՀՀ ղեկավարութիւնը յայտարարել է, որ խօսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցութիւններ: Եւ վաղը եթէ կը լինի այդ եւ միւս փաստաթուղթը, որը հնարաւորութիւն կը տայ նաեւ բանակցել Արցախին, մենք , իհարկէ, ողջունելու ենք: Որովհետեւ փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր:


Այսինքն եթէ ՀՀն եւ Ադրբեջանը վաղը ստորագրեն հիմնարար սկզբունքների շուրջ մի փաստաթուղթ, Դուք խնդիր չէ՞ք ունենայ:

Մենք միշտ էլ նշում ենք, որ երախտապարտ ենք ՀՀին բանակցային գործընթացում իր գործունէութեան համար, բայց  աւելացնում ենք նաեւ, որ այդ շրջանակներում անհնարին է որոշակի համաձայնութիւնների գալ, քանի որ անհրաժեշտ է այդ քննարկումներին Արցախի մասնակցութիւնը: Այդ մասին շեշտում եւ յայտարարում է նաեւ ՀՀ նախագահը: Հիմա կողմերը իրականացնում են աշխատանքը, որը պիտի հնարաւորութիւն տայ Արցախին մասնակցել այդ գործընթացին: Այդ մասին նաեւ ՀՀ նախագահն է յայտարարել: Եւ ես դա համարում եմ ազնիւ կեցուածք, մօտեցում, որը ամբողջութեամբ համապատասխանում է հիմնախնդրի բնութեանը: