Print
Category: Հարցազրոյցներ

Ասում են դարերով հնչած աղօթքներն են, որ սրբագործում ու լցնում են Աստծոյ տուն եկեղեցին նրա շնչով ու պարուրում այն խորհրդաւոր զօրութեամբ, որ կոչւում է ուխտ մարդու  Աստծոյ միջեւ…

Այլ են պատմական եկեղեցիների ընկալումն ու նրանց պատերից ներս հոգեւորի հետ հաղորդակցուելու մարդկային զգացումները, նրանց հանդէպ ունեցած ակնածանքը, պաշտամունքն ու կապուածութիւնը: Պատմական յուշարձաններ, տուրիզմի զարգացմանը նպաստող արժէքներ լինելուց զատ այս հոգեւոր կառոյցներն հայ քրիստոնեայի մշտանորոգ հաւատի խորհրդանիշներն ու կենդանի վկաներն են, որոնք արժանի ուշադրութեան կարիք ունեն այսօր… Խոնարհուած, կիսաւեր վանքեր ու մատուռներ, ուր ժամանակին հնչել են պատարագ ու շարական՝ լեռնագագաթների վրայ կղզիացած դառնում են բնութեան մասնիկները, ծածկւում ծառերով ու բուսականութեամբ… Իսկ աղօթքները միշտ կենդանի են…  Ու երեւի երկնային կամքի շնորհիւ էր նաեւ, որ Հայաստանի հրաշալի եկեղեցական կառոյցներից  մէկը՝ Հաղարծինի վանահամալիրը հիմնովին վերանորոգուեց ու համալրուեց նաեւ կից հիւրատնով, դիլիջանեան գողտրիկ այս վայրը դարձնելով այցելուների համար աշխարհիկից կտրուելու եւ բնութեանը մերձենալու հրաշալի  անկիւն, ուր մի քանի ժամերի ընթացքում կարող ես առնչուել բնութեան բոլոր երեւոյթներին միանգամից…
Վանահամլրիրում այցելուների ու զբօսաշրջիկների հոծ խմբերի կարելի էր հանդիպել անգամ վերանորոգման ընթացքում:
- Եկեղեցին մնաց գործող, նրա դռները միշտ բաց են ուխտաւորների ու այցելուների համար, - ասում է Հրայր քահանայ Բեջանեանը, ով սպասարկում է Նոյեմբերեանի տարածաշրջանն ու ժամանակաւոր նաեւ Հաղարծինի վանահամալիրը եւ սիրով պատասխանեց  մեր հարցերին:

- Բաւականին ծաւալուն աշխատանքներ են տարւում, ո՞ր թուականից է սկսուել վերանորոգումը…
Արդէն հինգերորդ տարին է ինչ Արաբական Էմիրաթներից Շարժայի շէյխը յանձն առաւ վերանորոգումը եւ գումար տրամադրեց:
- Կրօնական երկխօսութեան իմաստ ունի՞ նման քայլը:
Կարելի է այդպէս ասել, բայց ոչ մի քաղաքականութիւն չկայ դրա տակ թաքնուած, սա բարի կամքի   դրսեւորում է: Մեր ժողովրդի մշակոյթին, պատմական արժէքների հանդէպ ունեցած սէրն ու յարգանքը մղեցին այդ մարդուն նման վերաբերմունք դրսեւորել:  Աւելի խորը ծանօթանալով Հայաստանի պատմութեան հետ  ցանկացաւ  նման քայլ անել:
- Հայր Սուրբ, արդեօք Ամենայն Հայոց Կաթողիկոսը նպաստել է այս ամէնին եւ որքանով է զգալի Էջմիածնի մասնակցութիւնն այս ամէնին…
 Վեհափառ հայրապետը ոչ միայն նպաստել է, այլ նրա բարձր տնօրինութեան, կարգադրութեան եւ հովանու տակ է միշտ եղել Հաղարծինի վանքը, հիմա  առաւել եւս, երբ սկսուել են վերանորոգման աշխատանքները: Բացի Շարժայի շէյխի ներդրած գումարները Վեհափառ հայրապետը բաւականին գումար ներդրեց վանանական միաբանական շէնք կառուցելու համար:
- Ինչպէս տեսնում ենք Հաղարծին վանահամալիրը կարծես թէ նոր կառոյցներով է համալրւում…
Հայաստանում գտնուող եզակի կառոյցներից կայ այստեղ… Նոր կառոյցներ չեն աւելանում, այլ վերանորոգւում են: Այստեղ թագաւորական գերեզմանատուն կար, որի վրայ կառուցուել էր մատուռ, որը աւերուել էր եւ հիմա այն վերականգնւում է: Վանական համալիրի մէջ ոչինչ չի աւելացել:
- Հայաստանում կան եկեղեցիներ, որոնք կորցնում են պատմական գրաւչութիւնը վերանորոգուելուց յետոյ կատարուած շինարարական աշխատանքներում տեղ գտած նորամուծութիւնների շնորհիւ:
Արդեօ՞ք ուշադրութիւն դարձուել է այս համալիր կառոյցի վերանորոգման մէջ ահպանւում է պատմական շունչը:
Հին հիմքերի վրայ են յենւում վե-րանորոգողները, պատի վրայ կան հին քարերի  մնացորդները, որոնց նմանութեամբ եւ կրկնօրինակմամբ կատարւում են աշխատանքները: Վանական համալիրում պահպանուած են հայ հին բոլոր ճարտարապետական ոճերը եւ այստեղ ոչինչ չի աւելացել, պարզապէս մենք փորձում ենք վերականգնել կառոյցը: Քարը տրաւերտին քարն է, որով ի սկզբանէ կառուցուած է եղել տրաւերտինով, կան պատերի  մէջտեղներում քարեր, որ բազալտէ քարեր են, բայց վերանորոգումը կատարուել է հիմնական տրաւերտինով: Սեղանատունը նոյնպէս վերանորոգւում է եւ նախկինում, ինչպէս որ մեր նախնիներն են պատրաստել կոճղերով աթօռներն ու փայտէ սեղանը, այդպէս էլ  մենք նորոգումից յետոյ պիտի նոյնը դնենք իր տեղում:
- Մենակ էք ծառայում այս վանահամալիրում, Տէր Հայր: Պատարագներ այժմ էլ են մատուցւու՞մ, անկախ վերանորոգման աշխատանքներից: Մի՞շտ է այպէս մարդաշատ:
Ինձ հետ միասին Հայր Արիստակեսն է այստեղ, որ վերադարձել է Գերմանիայից:
Վերանորոգման աշխատանքները չեն խանգարել ծիսակատարութիւններին: Այո: Մկրտութիւններ, պսակադրութիւններ միշտ եղել են ու լինում են Հաղարծինի վանքում: Վանքը վերաբացուեց 1990 թուականին, Գուգարաց թեմը հիմնեց  Արսէն Արքեպիսկոպոս Բերբերեանը, վերաբացեց այդ թեմը եւ Հաղարծինը իբրեւ նստավայր էր համարւում: Եւ այդ օրուանից մինչ հիմա Հաղարծինի վանքը եղել է մարդաշատ:  
1991 - ին օծուել եմ Հաղարծինեանց վանքում, Սուրբ Մարիամ աստուածածին եկեղեցում եւ  Նոյեմբերեանում քահանայելով հանդերձ նրա սահմաններում, Իջեւանում 2000 թւից մինչեւ 2004 թիւը Հաղարծինի վանք՝ գիշեր - ցերեկ ապրելով:
- Որքան մկրտութիւններ արած կը լինէք:
Ամէն մկրտութիւն գրանցել ենք, բոլորը պահպանւում են Նոյեմբերեանում: Երկու հազարից աւելի կարծում եմ…
- Կþուզենայի, որ մի հետաքրքիր բան պատմէիք, կապուած այս վանքի հետ… Հրաշքներ կամ ինչ որ խոր- հըրդանշական բան եղել՞ է…
Խորհրդանշականն այն է, որ Հաղարծինը իր ազդեցութիւնը կարողացաւ թողնել շէյխի վրայ, իր գեղեցկութեամբ եւ մարդը քրիստոնեայ չլինելով հանդերձ կամեցաւ վերանորոգել այս հոգեւոր օճախը: Հրաշքներ եղել են, ես հաւատում եմ հրաշքների եւ դրանք կան: Հիւանդներ են բժշկուել եւ այլն, կարեւորը, որ հաւատով մօտենաս քո արած ծեսին ու կարգին եւ  Աստծուն լսելի կը դառնայ քո աղօթքի ձայնը: Աստուած այստեղ է, Աստուած օգնում է՝ Աստծոյ միջոցով մարդիք բուժուել են:
- Հաղարծին անունն ինչի հետ է կապուած, ինչ ծագումնաբանութիւն ունի:
 Հաղարծին անունը մի քանի ստուգաբանութիւն ունի, որոնցից մէկը Խաղարծին՝ այսինքն, արծիւների խաղալու վայր է նշանակում: Համալիրը կառուցուած է 10 - 13 րդ դարերում, առաջին եկեղեցին կառուցուած է 10 - րդ դարում կոչւում է Սուրբ Գրիքոր Լուսաւորիչ ե-կեղեցի, 11- րդ դարում կառուցւում է գաւիթը, որը շատ կարեւոր է եղել վանական կեանքի մէջ, հիմա կարծես այդքան էլ չի օգտագործւում իր իմաստով: Սուրբ պատարագի ընթացքում պահ կայ, որ սարկաւագը ասում է. «Մի ոք երեխայից եւ մի ոք թերահաւատից», այսինքն, բոլոր չմկրտուածները, թերահաւատներն ու անմաքուրները պիտի դուրս գան, երբ սկսւում է պատարագը եւ աղօթեն գաւիթում եւ այնտեղից հետեւէն պատարագի ընթացքին, բայց հիմա դա կարծես չի պահպանւում:
- Իսկ աղանդաւորներ շա՞տ կան Դիլիջանի,  Իջեւանի շրջանում: Կան արդեօք նրանց մէջ այպէս ասած՝ դարձի եկածներ:
 Աղանդաւորականներին ես երբեք շատ չեմ ասում եւ արժէք չեմ համարում: Դարձի եկածներից եզակի դէպքերից մէկը Նոյեմբերեանում էր: Երկար աշխատելուց յետոյ երկու հոգի ոչ միայն դարձի եկան, այլ նաեւ մկրտուեցին  եկեղեցում եւ դա եզակի դէպքերից է: Նրանք ծնունդով ատրպէյճաբնակներ էին, հիմա ապրում են Դեբեդաւան համայնքում եւ դարձի եկան: «Եհովայի վկաներ» էին, որ դարձի եկան:
- Զրոյցի աւարտին, Տէր Հայր հայցում ենք ձեր օրհնութիւնը, այնպէս, որ աստծոյ կամքով  շուտ վերադառնանք այս Աստուածընկալ վայրը, որ Հաղարծինն է…
Ես աղօթում եմ Աստծուն, խնդրում, որ Աստուած լսի ձեր աղօթքի ձայնը, ձեր սրտի ցանկութիւնը, որովհետեւ ամէն մի մարդ, որ մտնում է եկեղեցի իր դրացու նկատմամբ վատ տրամադրուած, թշնամացած չի մտնի: Մարդիկ միշտ մտնում են աղօթելու իրենց ընտանիքի համար, իրենց ուխտը վերանորոգելու համար, իրենց յաջողութեան եւ առողջութեան համար եւ ես էլ աղօթում եմ ձեզ համար, որ Աստուած ձեր ուխտը վերանորոգի, վերահաստատի եւ տայ ձեր սրտի ցանկութիւնը, որը ոչ միայն ձերն է այլեւ մեր ազգինն է, որ լինենք միասնական, հզօր եւ մեր աղօթքով դիմենք մեր Աստծուն եւ ստանանք մեր սրտի ցանկութիւնը:
- Շնորհակալութիւն զրոյցի ու ձեր օրհնութեան համար Տէր Հրայր, եւ թող, որ, աշխարհասփիւռ հայերս միով բանիւ հոգով, մտքով եւ գաղափարով՝ անենք Աստծուն հաճելի գործեր:
- Ամէն:


Արմինէ Մելիք - Իսրայէլեան
արուեստաբան
Դիլիջան - Աթէնք
Յատուկ՝ «Ազատ Օր»-ին համար