Print
Category: Հարցազրոյցներ

Սեպտեմբերին Եւրոպայում գործունէութիւն ծաւալող երգչուհի Աթէնա Մանուկեանը առաջին անգամ Հայաստան էր այցելել: Հայկական արմատներով 21ամեայ երգչուհին ծնուել է Յունաստանում: 12 տարեկանում տաղանդներ փնտռող հեռուստաշոում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ապա մասնակցել մանկական Եւրատեսիլի  նախընտական փուլին: 2011ին երգչուհու «Party like a freak» կատարումը դարձել է Եւրոպայի տարուայ լաւագոյն հիթերից մէկը:  

Աթէնա, առաջին անգամ ես Հայաստանում, ինչպիսի՞ զգացողութիւն ունես:
Երջանիկ եմ, ինչպէս երբեւէ: Հայաստան այցելելը միշտ իմ ամենամեծ երազանքն է եղել: Ես եկել եմ՝տեսնելու իմ հայրենիքը, այստեղ են արմատներս:

Իսկ ի՞նչ գիտես քո արմատների մասին: Ինչպէ՞ս են նախնիներդ հասել Յունաստան:

Մի հետաքրքիր պատմութիւն պիտի պատմեմ: Պապիս հայրը որոշում է Հայաստանից Յունաստան տեղափոխուել, բայց խնդիր է լինում. դժուար ժամանակներ էին: Նա պէտք է իր հետ մի ադամանդէ գօտի տեղափոխէր: Վտանգաւոր էր, սակայն  դա  էր միակ պայմանը Յունաստան հասնելու: Ռիսկի Է դիմում, ու իրենից յետոյ Մանուկեանների յաջորդ սերունդները ապրել են Յունաստանում:

Հայրդ հայ է, մայրդ՝ յոյն: Ի՞նչ ես կարծում՝ քո անհատականութիւնը, մտածելակերպը կամ ապրելակերպն աւելի շատ մօտ է հայի՞, թէ՞ յոյնի տեսակին:
Կարծում եմ՝ հայերն ու յոյները բաւականին շատ նմանութիւններ ունեն թէ՛ իրենց մտածողութեամբ, թէ՛ կենցաղում: Ինձ մօտ յարաբերակցութիւնը երեւի յիսուն- յիսուն է:

Քո ձայնը շատերին է հիացնում: Սովորաբար ասում են՝ նման հզօր ձայնային տուեալներ հնարաւոր է միայն ժառանգել:
Այո՛, ճիշդ ես: Հայրս ժամանակին ցանկացել է երգիչ դառնալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չի յաջողուել: Ինչպէս նաեւ պապս է երգում ...օ՜հ, նա մշտապէս երգում է, (ժպտում է - Մ. Ա.) սակայն էլի երաժշտութեամբ չի շարունակել: Նրանց փոխարէն այժմ ես եմ զբաղւում փրոֆեսիոնալ երաժշտութեամբ:

Աթէնա, ի՞նչն ես համարում ամենամեծ ձեռքբերումդ գործունէութեան ընթացքում:
Ես այսօր իմ սիրած գործով եմ զբաղւում. դա ամենամեծ ձեռքբերումս է: Ցանկացած երգ, համերգ, նկարահանում ինձ համար նոր ձեռքբերում է: Եւ դրանց  շնորհիւ օր օրի կատարելագործւում եմ: Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մէկը, դրանք շատ են, ու նորերը դեռ աւելանալու են:

Երաժշտութեան բնագաւառը որքան էլ հաճելի, բայց նաեւ բարդ ու դժուարութիւններով լի ոլորտ է: Ո՞վ է ոգեշնչում քեզ աշխատել:
Մարդիկ, ովքեր հաւատում են ինձ: Առաջին հերթին՝ ընտանիքս, յետոյ, ինչու չէ, մենեջերս,  ով միշտ  կողքիս է, աջակցում է ինձ, ցանկացած խնդրի դէպքում կարող եմ յոյսս հանգիստ  նրա վրայ դնել: Ընդհանրապէս ամէն ինչից կարելի է ոգեշնչուել, երբ սիրելի գործով ես զբաղւում:

Ի՞նչ է երաժշտութիւնը քեզ համար. ապրելակե՞րպ, հոբի՞, թէ ՞…
Ամէն ինչ: Երաժշտութիւնը լցնում է կեանքս ու ապրեցնում: Այն միաւորում է բոլորիս: Օրինակ՝ դու հայերէն ես խօսում, ես՝ անգլերէն, մենք միմեանց չենք հասկանում: Բայց հիմա միացրու՛ ցանկացած լաւ երգ ու տե՛ս՝ ինչպէս ամէն ինչ հասկանալի կը դառնայ երկուսիս … Երաժշտութիւնը բոլորիս հասկանալի լեզու է:

Իսկ հասցրե՞լ ես տեսնել Հայաստանը:
Առաջինը Կարապի լիճն եմ տեսել.  Քանի Ուեստի թռիչից յետոյ այն լաւ յայտնի է: Ընկերներիս գրում եմ ՝ տեսել եմ Կարապի լիճը, պարզապէս ջուր չկար (ծիծաղում է - Մ. Ա.): Յետոյ՝ Քասքատը, շատ եմ սիրել, նորից եմ գնալու, Կոմիտասի արձանը, Մատենադարանը ու Հանրապետութեան հրապարակը: Մօտ օրերս էլ անպայման  գնալու եմ Գեղարդ:

Ի՞նչ ես կարծում,  երբեւէ կը վերադառնա՞ս Հայաստան մշտական բնակութեան:
Ես հիմա էլ չեմ ուզում հեռանալ Հայաստանից, ստիպուած եմ: Բայց շուտով նորից այցելելու եմ: Շատ շուտով:


Մերի Աբրահամեան
Երեւանի Պետական Համալսարանի լրագրութեան բաժնի
առաջին կուրսի (դասարան) ուսանողուհի