Print
Category: Հարցազրոյցներ

Անկախութեան այս 20-ամեակը Հայաստանի պատմութեան ո՞ր հանգրուանի հետ կը համեմատէք կամ կարելի է համեմատութիւն անցկացնել:

Վերջին 20 տարուայ պատմութիւնը եթէ մենք փորձենք առանձին դիտարկել, ապա ինձ թւում է՝ ճիշդ չի լինի, որովհետեւ ի վերջոյ կայ դրա նախապատմութիւնը, եւ երրորդ հանրապետութեան նախապատմութիւնը պէտք է տեսնել մէկ ընդհանուր շղթայի մէջ՝

ես ի նկատի ունեմ, 1918-20 եւ 21, 91 թուականի, այսինքն՝ առաջին եւ երկրորդ, որոնք մեծապէս պայմանաւորեցին երրորդ հանրապետութեան ծնունդը, մասնաւորապէս Առաջին Հանրապետութեան, երբ մենք ունեցանք պետականութեան վերականգնումով ամբողջ 20-րդ դարի ընթացքում անթեղուած ձեւով այդ պետականութիւնը պահպանել, թէկուզեւ Խորհրդային Հայաստանի տարբերակով, երբ որ պետականութեան բոլոր յատկանիշերը չէ, որ գործում էին: Բայց, յամենայն դէպս, այդ պետութեան սահմաններով, Սահմանադրութեամբ, ընտրութիւնների համակարգով մենք կարողացանք կեանքի կոչել երրորդ հանրապետութեան ծնունդը:
Ինչ վերաբերում է այս 20 տարիներին, պէտք է մօտենալ երկու առումով. Քաղաքացի, որ ապրել է այս 20 տարիներում ՀՀ-ում եւ որպէս պատմաբան, երբ փորձում ես անցածը գնահատել ժամանակի տեսանկիւնից, երբ մոռացութեան ես տալիս առաջին հատուածը, այն բոլոր ձախողումները, դժուարութիւնները, որոնք, բնակաբանար, եղել են այդ 20 տարիների ընթացքում, երեւոյթը գնահատում ես պատմականութեան տեսանկիւնից ու հասկանում ես, որ պետականութիւնը մի պատմական շանս էր, հնարաւորութիւն՝ հազարամեայ ժողովրդի համար՝ արդէն 21-րդ դարում այդ բոլոր մարտահրաւէրներին դիմակայելու եւ իր ապագան ապահովելու իմաստով: Գաղտնիք չէ, որ հազարամեակներ շարունակ գոյութիւն ունեցող ազգեր ասպարէզից հեռացան, մեր դէպքում նոյնիսկ, երբ մենք մշակութային բարձր դաշտում գտնուող ժողովուրդ ենք ու այդ մշակոյթն էր, որ պետականութեան բացակայութեան պայմաններում մեզ ապրեցրեց հարիւրամեակներ շարունակ, մենք էլ կարող էինք արդէն 21-րդ դարում համաշխարհայնացման պայմաններում ձուլուել ու ասպարէզից հեռանալ: Դրա համար պետականութեան ձեռքբերումը մեզ համար ուղղակի աստուածային շնորհ էր:

Այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ կ'առանձնացնէք:

Որպէս ձեռքբերում՝ ես կը նշէի ազգային պետութեան, որքան էլ այն կատարեալ իմաստով կայացած չէ, կայացումը մի շարք կարեւոր յատկանիշերով, որոնցից առաջինը ազգային բանակի ստեղծումն է: Երբեմն մենք թեւաւոր խօսքի նման ենք ասում, թէ մեր բանակը տարածաշրջանի ուժեղն է, բայց դա իրողութիւն է, փաստ է, որովհետեւ այդ բանակը այսօր 7.5 մլն.-անոց Ադրբեջանի ու Թուրքիայի յարձակողական պահուածքի պայմաններում մեր հարեւաններին զսպաշապիկ է հագցնում, եւ Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմի վերսկսման դէպքում՝ այն աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ իր համար:
Ինչ վերաբերում է բացթողումներին, այն վայրենի սեփականաշնորհումը, որ եղաւ 90-ականների սկզբում, անթոյլատրելի էր, հողի սեփականաշնորհումը դարձեալ սխալ իրականացուեց, խորհրդային համակարգը, թէկուզ կոլտնտեսութիւնները պէտք է պահուէին ու սահուն ձեւով անցում կատարուէր, ինչպէս դա արուեց Լեռնային Ղարաբաղում: Մեզ մօտ դա արւեց շատ յախուռն, բուռն կերպով, ինչի արդիւնքը մենք տեսանք՝ դժւարագոյն տնտեսական վիճակի մէջ կանգնեցինք 90-ական թուականների կէսերից, եւ արդէն վերջին ճգնաժամի ժամանակ էլ մենք դրա դառը պտուղները շարունակում էինք ճաշակել: Բայց, ամփոփելով խօսքս՝ ասեմ հետեւեալը. Սա աննախադէպ պատմական շանս էր, որ տրուեց մեր ժողովրդին, եւ մենք ձեռք բերեցինք անկրկնելի ու անփոխարինելի երաշխիք՝ 21-րդ դարում ապրելու եւ գոյատեւելու, բարգաւաճելու համար:

Տեսնո՞ւմ էք պետականութիւնը հերթական անգամ կորցնելու վտանգ:

Գիտէ՞ք ինչ, երբ որ մենք 90-ական թուականների ծանրագոյն պայմաններում՝ սովի, մթի, խաւարի, ուրացումի, պատերազմի պայմաններում դիմացանք, այսօրուայ պայմաններում, երբ դրանք անհամեմատ բարելաւուած են, նման վտանգ չեմ տեսնում: Գիտէք ինչ կայ, վտանգներ կան, որոնք պէտք է վերացնել, դրանից թիւ մէկը արտագաղթն է, ամէն կերպ պէտք է այն կանխել, կանգնեցնել, որովհետեւ դրա հետեւանքները 21-րդ դարի երկրորդ կէսին դեռ կը զգանք: Ինչ վերաբերում է պետականութեան կորստին կամ չորրորդ հանրապետութեանը, որի մասին մարդիկ խօսում են, ես բացարձակապէս չեմ կիսում այդ մօտեցումները: Կորցնել պետականութիւնը եւ նոր միայն մտածել մի նոր՝ չորրորդ հանրապետութիւն, դա անթոյլատրելի է:

Անկախութեան 20-ամեակին ընդունուեց մի կարգախօս՝ «Հայաստանը դու ես»: Համարում էք, որ Հայաստանը դուք էք:

Ցաւօք սրտի՝ դա այսօր միայն կարգախօս է, երբ որ դա դառնայ իրականութիւն, ամէն քաղաքացի զգայ, որ ինքը իրօք այս երկրի տէրն է լիարժէք իմաստով, այդ լոզունգը կը դառնայ արդէն իրողութիւն ու մեր կենցաղի բաղադրամաս: «Սա երկիր չէ, պէտք է թողնել եւ գնալ». երբ այս արտայայտութիւնները մեր միջից հանենք, կը հասկանանք, որ Հայաստանը մենք ենք: Բայց, ինձ համար, յամենայն դէպս, դա շատ հետաքրքիր, շոյող կարգախօս է, ու կարծում եմ, որ մի օր պէտք է դառնայ մեր սեփականութիւնը:


Հարցազրոյցը վարեց
Լալա Տէր-Ղազարեանը