Print
Category: «Ազատ Օր»ի նիւթերէն՝ 50 տարի առաջ

Ուիլիըմ Սարոյեան ինք իր մասին

Թէեւ ես գրում եմ անգլերէն եւ թէեւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Իմ գործածած բառերը անգլերէն են: Միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկեան է: Ոգին, սակայն, որ մղում է ինձ գրելու, հայկական է: Ուստի ես հայ գրող եմ: Ես խորապէս սիրում եմ հայ գրողների մեծ ընտանիքին պատկանելու պատիւը: Ես հպարտ եմ հայ ժողովրդի ազնուականութեամբ, արիութեամբ, իմացականութեամբ, ուժով, պարզութեամբ, սրամտութեամբ, նրա հանճարով ու խիզախութեամբ: Այս բարեմասնութիւնները ժառանգութիւնն են բոլոր ճշմարիտ հայերի: Նրանք սնուցել են իմ հոգին հԷնց սկզբից, եւ ես երախտապարտ եմ: Աշխարհ երբեք չի կարող պարտութեան մատնել մի ազնիւ ժողովուրդ: Եթէ մենք զրկուած ենք մայրենի հողից, աշխարհը կը լինի մեզ մայրենի հող: Եթէ մենք զրկուած ենք մեր կառավարութիւնից, հայ ոգին կը դառնայ մեր կառավարութիւնը: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող դաւաճանել մեզ: Վաստակաւոր կեանքով ապրելու տենչը հզօր է հայի մէջ: Հայաստանի ուժը թուերի մէջ չէ, այլ՝ մարդ անհատի սրտի մէջ: Սա է միակ իրական ուժը, որ մարդիկ, իբրեւ անհատներ, կարող են ունենալ: Թուերի մէջ եղած ուժը ստորադաս է եւ անարժէք: Անասնական ուժ է, անարժան՝ քաղաքակիրթ մարդ էակի համար: Ինչ որ նա անում է, անարժէք է մարդու վայելուչ ու բարի զարգացման պատմութեան մէջ: Գալիք տարիներին, նոյնիսկ երբ աշխարհ վայրագանայ, հայը պիտի լինի հաւատարիմ հոգեկան այն օրէնքներին, որոնք նրա ժառանգութիւնն են կազմում: Մենք պիտի աճինք: Ոչ թէ աշխարհը անիմաստ կերպով լեցնող մարդկային էակներով: Այլ իրենք իրենց, իրենց ցեղը, իրենց ժառանգութիւնը, ազնուական ու բեղուն կեանքով ապրելու իրենց պարտականութիւնը գիտակցող անհատներով: Մենք պիտի աճինք մարդկանցով, որոնք ժամանակի վատնում չեն աշխարհի համար: Ազնիւ ծնած մարդիկ արժանի են աւելի լաւ աշխարհի, քան թէ՝ այս աշխարհը: Լաւ աշխարհը սակայն պէտք է ստեղծուի մարդկանց ձեռքով: Հայ ոգին հզօր ոգի է: Նա չի պարտուած չար աշխարհից: Նա պարտութեան է մատնում չար աշխարհին: Նա այդպէս է անում յայտնաբերելով այդ աշխարհը իրեն համար եւ մնալով անեղծ նրանից: Ես հաւատում եմ մարդու բարութեան: Ես հաւատում եմ, որ մարդու ճակատագիրը ազնուական ճակատագիր է: Ես ատում եմ այն ուժերը, որոնք ձգտում են կործանել մարդու ազնուութիւնը: Ես հայ եմ: Ես գրող եմ: Աշխարհի ապականուած ուժերի դէմ իմ զէնքերն են անաղարտ աչքը, պարկեշտ միտքը, մաքուր սիրտը, խանդակաթ ոգին, որոնք մղում են ինձ գրելու: 5 Սեպտ. 1939