Print
Category: «Ազատ Օր»ի նիւթերէն՝ 50 տարի առաջ

(29 Դեկտեմբերէն շար.) Սակայն, երբ խօսում էիր նրա հետ, երբ բացւում էր, կամաց¬կամաց մարմնաւորւում էր Լեռ Կամսարը եւ զգում էիր, որ գործ ունես մի կարդացած, զարգացած մարդու, մի իսկական ժամանակակից գրողի հետ, որ կապուած է կեանքին հազար ու մի թելերով, օժտուած զարմանալի իրատեսութեամբ, կենդանի հիւմըրով ու սուր կենսազգացողութեամբ։ Արգասաւոր էր Լեռ Կամսարի գրիչը։ Այն, ինչ հրատարակուած է մինչեւ հիմա, մեզնից անդարձ հեռացած երգիծաբանի թողած գրական ժառանգութեան մի մասն է միայն։ Անհրաժեշտ է անտիպ Լեռ Կամսարին դարձնել ժողովրդի սեփականութիւնը։ Յատկապէս, «Հայաստան» հրատարակչութիւնը պիտի զբաղուի այդ շնորհակալ գործով։ Ամբողջական Լեռ Կամսարը մի գրական յայտնութիւն կը լինի մեր ընթերցողի համար, եւ այն ժամանակ կþերեւայ մեր կորստի մեծութիւնը։ Այո՛։ Գրողների Միութեան՝ իրեն յատկացրած բնակարանը նա տուեց իր ժառանգորդներին, իսկ ինքը շարունակեց ապրել այն հին խրճիթում, ուր ապրում էր մօտ կէս դար։ Ծառերով շրջապատուած այդ փոքր խրճիթում, այդ հին խրճիթում էլ նա կնքեց իր մահկանացուն։ Պառկել էր նա ծածկուած սաւաններով, անզարթնելի քնով՝ մի նոր ճանապարհորդ այն աշխարհի, «որտեղից չի վերադարձել ոչ մի ճամբորդ»։ Կը մնայ նրա անունը, նրա գործը, որպէս աւանդ սերունդներին, անունն ու վաստակը երախտաւոր մարդու, որն ապրեց անշուք ու անաղմուկ, ըստ երեւոյթին մենակեացի կեանքով, բայց զարմանալի կերպով կապուած աշխարհին, կեանքին ու մարդկանց՝ հազար ու մի թելերով։ Լեռ Կամսարից մի հողաթումբ մնաց միայն, ինչպէս ամէն մահկանացուից, բայց նրա թողած վաստակը մի բարձրութիւն է, որին երախտապարտ սրտով պիտի նային սերունդները։
Գ. ՄԱՀԱՐԻ