Print
Category: «Ազատ Օր»ի նիւթերէն՝ 50 տարի առաջ

Վախճանուեց Լեռ Կամսարը, հայ երգիծաբանութեան շողշողուն եռաստեղութեան վերջին մոհեկանը, Պարոնեանի եւ Օտեանի ապրող, արժանաւոր եւ յոգնած յաջորդը։ Ինչպէս բոլոր մեծ երգիծաբանների, այնպէս ալ Լեռ Կամսարի կեանքին ճանապարհը զարդարուած չէր ծաղիկներով։ Նա ունեցաւ ստեղծագործական հարկադրական ընդհատումներ, սակայն մինչեւ վերջ պահեց կեանքի եւ աշխարհի վրայ փիլիսոփայական ժպիտով նայելու իր անկրկնելի կարողութիւնը։ Տխուր մարդ էր հանգուցեալը, նա իր մարդկային տխրութեամբ ուրախ գրքեր էր գրում՝ երգիծական գրչի քաջակորով զինուոր՝ կռուելու համար այս ուրախ աշխարհի «Տխուր երեւոյթների», «Անվաւեր մեռելների», «Գրաբար մարդկանց» դէմ։ «Վրիպած արցունքներով», միշտ Լեռ Կամսար սուր հիւմըրով գրեց նա իր «Ազգային այբբենարանը», որ լոյս տեսաւ մեծանուն պետական գործիչ Սարգիս Լուկաշինի բարի նախաձեռնութեամբ, եւ որը հեղինակը նուիրեց իր հովանաւորին, նոյն իրեն՝ Սարգիս Լուկաշինի։ Այդ 1924 թուականին էր. այդ տարիներին Լեռ Կամսարի համբաւը որոտում էր երկրով մէկ։ Երբ լոյս էր տեսնում օրաթերթը նրա ֆելիէտոնով, թերթավաճառներն Աբովեանի վրայ ճչում էին՝ «Խորհրդային Հայաստան», «Լեռ Կամսար...»։ Եւ սպառւում էր թերթը կայծակի արագութեամբ։ Անշուք արտաքինով, հասարակ հագուստ¬կապուստով, սակաւապետ ապրուստով այս մարդը ոչ մի բանով նման չէր գրողի, մանաւանդ՝ երգիծաբանի։ Թւում էր, թէ աշխարհից կտրուած, աշխարհից ձանձրացած գաւառական մի մտաւորական է նա, սահմանափակ եւ անհետաքրքրիր մի անձնաւորութիւն, որի հետ չգիտես ինչի մասին կարելի է խօսել։ Շուարում էիր ու տարակուսում. մի՞թէ այս է Լեռ Կամսարը, այդ շքեղ ու մեծատաղանդ երգիծաբանը, անողոք եւ յանդուգն, անչափ բարի ու միաժամանակ չար ու կծու, կծու՝ իր ծննդավայրի՝ Վանի կարմիր աղով հոտած պանրի նման, կծու ու համեղ, համեղ ու սննդարար...։ ¥Շար.¤